Հունաստանի բանակը մարտական պատրաստության է բերվել Էգեյան ծովում թուրքական նավերի տեղակայման պատճառով

Հունաստանի բանակը մարտական պատրաստության է բերվել Էգեյան ծովում թուրքական նավերի տեղակայման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amՕգոստոսի 9-ին Հունաստանի զինված ուժերը մարտական պատրաստության են բերվել Էգեյան ծովում թուրքական նավերի տեղակայման պատճառով, ինչը, իր հերթին,պայմանավորված է օգոստոսի 10-11-ին հունական Հռոդոս և Կաստելորիզո կղզիների միջև ընկած ջրային տարածքում մարտական կրակով թուրքական զորավարժությունների անցկացման հետ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով Armyvoice.gr պորտալին:

Պորտալի տվյալներով` թուրքական նավերի ծով դուրս գալու պատճառով Հունաստանի զինված ուժերում տագնապ է հայտարարվել, չեղարկվել են արձակուրդները, արձակուրդում գտնվող զինծառայողները հետ են կանչվել ծառայության վայրեր: Մոբիլիզացիան շատ արագ է կատարվում, մանավանդ՝ այնպիսի սահմանամերձ հատվածներում, ինչպիսիք են Էվրոսի շրջանն ու կղզիները: Տեղեկացվում է, որ մարտական պատրաստության է բերվել ավիացիան, ինչպես նաև երկրի ռազմածովային ուժերի նավերն ու սուզանավերը, որոնք գտնվում են Էգեյան ծովի կարևորագույն դիրքերում:

Հունական պաշտոնական գերատեսչությունները ոչ հաստատել, ոչ էլ հերքել են այս տեղեկությունը:

Միևնույն ժամանակ, պորտալը նշում է, որ թուրքական կողմում մեծ մոբիլիզացիա է տեղի ունենում. տասնյակ նավեր տեղակայվել են Հռոդոս և Կաստելորիզո կղզիների միջև ընկած ծովային տարածքում:

Հունական Open TV հեռուստաընկերության տվյալներով` այժմ Էգեյան ծովի կարևորագույն դիրքերում տեղակայված է թուրքական ռազմածովային ուժերի 17 նավ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում