Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման Կառավարության 23-րդ ծրագիրն ուղղված է զբոսաշրջության ոլորտին

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման Կառավարության 23-րդ ծրագիրն ուղղված է զբոսաշրջության ոլորտին

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am«Կառավարությունը քննարկում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը հաստատելու հարցը: Հիմնական զեկույցով հանդես եկավ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նա նշեց, որ միջոցառումը վերաբերում է զբոսաշրջության ոլորտի մի քանի տեսակներով զբաղվող կազմակերպություններին: «Գաղտնիք չէ, որ կորոնավիրուսի համաճարակի տարածումը հատկապես մեծ ազդեցություն է թողել զբոսաշրջության ոլորտին առնչվող ծառայությունների բնագավառում: Ընդհանուր առմամբ, ըստ վերջին ամիսների տվյալների, նշված ոլորտներում ծառայությունների մատուցումից եկամուտները նախորդ տարվա նույն ամիսների համեմատությամբ կրճատված են ավելի քան երկու անգամ»,- ասաց նա:

Խաչատրյանը նշեց, որ այդ կազմակերպությունների համար ամենակարևոր խնդիրներից մեկը աշխատատեղերի պահպանման հետ կապված ֆինանսական դժվարություններն են: «Այս աջակցության նպատակը նշված ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատակազմի և աշխատատեղերի պահպանումն է և այդ աշխատատեղերի ավելացման խթանումը»,- նշեց նա և հավելեց.

Աջակցության շահառուների շրջանակը հետևյալն է՝ կացության կազմակերպում, հանրային սննդի կազմակերպում, զբոսաշրջային գործակալությունների և օպերատորների գործունեություն, տեղերի ամրագրում և զբոսաշրջային ոլորտի այլ ծառայություններ»:

Խաչատրյանը շեշտեց՝ նախատեսվում է, որ աջակցությունից կօգտվեն այն կազմակերպությունները, որոնք ունեն առնվազն երեք աշխատակից և ստեղծվել են ոչ ուշ, քան 2020 թվականի մարտի 31-ը:

«Աջակցության չափը կհաշվարկվի եկամուտնորի համամասնությամբ՝ այդ գործակիցը կիրառելով աշխատավարձի ֆոնդի նկատմամբ, որ ստացվի աշխատակիցների այն մասի վճարաչափը, որոնք հենց տուժած ոլորտներում են: Աջակցության տևողությունը 2020 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի մարտ ամիսներն են: Աջակցության եղանակը յուրաքանչյուր երրորդ կամ 4-րդ աշխատակցի աշխատավարձի սուբսիդավորումն է, որը նշանակում է ամբողջ աշխատավարձի ֆոնդի 33 կամ 25 տոկոս հատուցում»,- ասաց նա:

Նախարարը հավելեց՝ ավելի մեծ չափով աջակցություն կստանան այն կազմակերպությունները, որոնք, չնայած եկամուտների կրճատմամբ պայմանավորված դժվարություններին, պահպանել են իրենց աշխատակիցների և աշխատատեղերի ոչ պակաս, քան 70 տոկոսը: «Աջակցություն չի տրամադրվի այն կազմակերպություններին, որոնք 2019-ին կառավարության որոշման արդյունքում ԱԱՀ-ի 50 մլն դրամը գերազանցող գերավճարների վերադարձ են ունեցել, սակայն, չնայած դրան, կրճատել են աշխատակազմի կեսից ավելին և եթե ՀԴՄ-ի խախտում է արել, կազմակերպությունը կդադարի օգտվել այս աջակցությունից»,- ասաց նա

Հետևեք մեզ նաև Telegram-ում