ԱԱԾ-ն յուրայիներով համալրելը նաև իշխանությունների վախի հետևանքն է. իրավաբան

ԱԱԾ-ն յուրայիներով համալրելը նաև իշխանությունների վախի հետևանքն է. իրավաբան

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: ԱԱԾ-ում գործում է «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքը, կադրային նշանակումները խոսում են այն մասին, որ փորձում են յուրայիներով լցնել՝ հաշվի առնելով այն, որ հանրային նշանակություն ունեցող կոռուպցիոն գործերը «կարվում են» ԱԱԾ-ում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը: Ըստ նրա՝ ԱԱԾ-ում վերջին նշանակումներով իրականցվում են պետական ծառայության իրավական տրամաբանությունը խեղաթյուրող գործընթացներ:

-Պարոն Հայրապետյան, ակտիվորեն քննարկում, քննադատվում են ԱԱԾ-ում վերջին նշանակումները, նախորդների վարքագծի շարունակություն են համարում, հնչում են նաև տեսակետներ, որ Քննչական կոմիտեն ԱԱԾ-ն յուրայիններով լցնելու գործիք է դարձել: Դուք ի՞նչ կարծիք ունեք:

-Այն ժամանակ, երբ դեռ Արգիշտի Քյարամյանը նշանակվել էր ԱԱԾ տնօրենի տեղակալ, հնչեցրել էի, որ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի 5 հաստիքն այս իշխանությունը օգտագործում է որպես բատուտ: Այսինքն` ցանկացած դեպքում, երբ որ իրեն պետք է ձևական մասով պահպանել օրենքի տառը, ինքը այդ անձին նշանակում է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի 5-րդ հաստիքին և անմիջապես դրանից հետո տեղափոխում է այլ պաշտոնի: Արմեն Աբազյանի հետ կապված հստակ դիտարկումներ անել չեմ կարող, քանի որ իր կենսագրությանը ծանոթ չեմ, չեմ կարող ասել` արդյոք ինքը բավարարում է օրենքի պահանջներին, բայց միայն այն փաստը, որ ինքը մեկ օրով է նշանակվել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, առնվազն թույլ է տալիս նրա նշանակման օրինականությունը դնել կասկածի տակ` գոնե հետևյալ պատճառաբանությամբ՝ վարչապետի որոշումը, որով անձը նշանակվում է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, անհատական իրավական ակտ է, որը նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի ուժով ուժի մեջ է մտնում ստորագրման հաջորդ օրվանից, ստացվում է, որ երբ Աբազյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ և ազատվել է, ազատման օրը դեռ իր նշանակման իրավական ակտը չէր մտել ուժի մեջ: Ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նա, ըստ էության, քննչական կոմիտեում չի զբաղեցրել պաշտոն, որով կարողանար բավարարել Ազգային անվտանգության ծառայության մասի օրենքի պահանջը:

Ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք ԱԱԾ-ում կադրերի նշանակումների հետ կապված գործընթացները, հայտնի է, որ Քյարամյանը ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար նշանակեց իր ընկերոջը՝ Արթուր Պողոսյանին, իսկ իր սանիկին՝ Արթուր Նահապետյանին, քննչական դեպարտամենտի բաժնի պետ: Արդյո՞ք փորձ է արվում կառույցը յուրայիներով համալրել, շարունակում են դավաճաններ փնտրե՞լ, վերահսկողության խնդի՞ր ունեն:

-Իմ կարծիքով` դավաճանների փնտրտուքի, յուրայիներով համալրելու արդյունք է, որովհետև ԱԱԾ-ն, բացի սատանայի և QR կոդի միջև կապից, ուրիշ ոչնչով ներկա պահին չի զբաղվում: Պարզապես խնդիրն այն է, որ այն բարձրագոչ տեքստերը, որ իրենք հայտարարում են, թե այս իշխանության ժամանակ «խնամի-ծանոթ- բարեկամ» սկզբունքը չի գործում, դա առնվազն հասարակության աչքերին թոզ փչել է. այդ նշանակումները տեղավորվում են բացառապես «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքի տիրույթում, քանի որ այդ նշանակումները` հատկապես ուժային կառույցներում, խախտում են նաև «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված պրոֆեսիոնալիզմի սկզբունքները, պաշտոնյայի անձնագրի անհարժեշտ պայմանները: Մեկ օրով նշանակել-ազատելը, մեկ այլ տեղ նշանակելը ամբողջությամբ պետական ծառայության իրավական տրամաբանությունը խեղաթյուրող գործընթացներ են:

-Կան տեսակետներ նաև, որ ուժային կառույցներում կադրերի խնդիր կա, այս առումով ի՞նչ կասեք:

-Այստեղ բացառապես համակարգը յուրայիններով լցնելու գործընթաց է, քանի որ կադրային սովի մասին այս պարագայում չենք կարող խոսել, որովհետև իշխանությունը կադրային քաղաքականությունը չի վարում` ելնելով պրոֆեսիոնալիզմի սկզբունքից: Ինչպես ցույց է տալիս փորձը և օրենսդիր մարմնում և գործադիր մարմնում նշանակվում են մարդիկ, որոնք առհասարակ չունեն պետական ապարատում աշխատելու փորձ, տարրական գիտելիքներ պետական ապարատում ծառայություն իրականացնելու համար: Նրանք կարող են «մանկապարտեզի մսուր» խմբից էլ անձին անցկացնել, նշանակել ԱԱԾ տնօրենի տեղակալ:

Իշխանությունները վստահաբար վախեր ունեն, քանի որ վերջին երկու տարիների ընթացքում առանցքային հանրային նշանակություն ունեցող գործերը հիմնականում «կարվում են» ԱԱԾ-ում, յուրայինների նշանակումը հեշտացնում է այդ գործընթացը, քանի որ յուրայիների դեպքում ցանկացած հանձնարարական և որոշում ընդունվում է: Նույն Միքայել Համբարձումյանը, որը ևս նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ, այն վարչության պետն էր, որի վարույթում մի շարք գործեր աղմկահարույց գործեր են գտնվում: Ինձ համար նրա նշանակումը տարակուսելի է, ո՞ր արժանիքների համար նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ: Հրապարկմամբ հանդես կգամ, երբ մանրամասն կուսումնասիրում նորանշանակ տեղակալների կենսագրությունները, որովհետև հիմնավոր կասկած ունեմ, որ այնտեղ կլինեն դրվագներ, որոնք ցույց կտան Ազգային անվտանգության ծառայության մասին օրենքի մի շարք խախտումներ ևս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում