Պետական պարտքն աճել է 420.2 մլրդ դրամով, Կենտրոնական բանկի պարտքը՝ նվազել

Պետական պարտքն աճել է 420.2 մլրդ դրամով, Կենտրոնական բանկի պարտքը՝ նվազել

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, Armlur.am2020 թ․ հունիսի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 3,723.9 մլրդ դրամ (7,718.8 մլն ԱՄՆ դոլար): ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով արտահայտված ՀՀ պետական պարտքի ցուցանիշներն աճել են անհամաչափորեն` համապատասխանաբար 12.7%-ով և 11.5%-ով: Դա պայմանավորված է եղել 2019 թվականի և 2020 թվականի առաջին կիսամյակների վերջի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլար / ՀՀ դրամ փոխարժեքների տարբերությամբ, որը փոփոխվել է 1.12%-ով՝ 477.11-ից աճելով մինչև 482.44: ՀՀ պետական պարտքում 3,494.7 մլրդ դրամը (7,243.8 մլն ԱՄՆ դոլարը) կազմել է ՀՀ կառավարության պարտքը, 229.2 մլրդ դրամը (475.0 մլն ԱՄՆ դոլարը)՝ ՀՀ ԿԲ պարտքը, այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության 2020 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման ամփոփ հաշվետվությունից:

2020 թվականի հունիսի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 420.2 մլրդ դրամով (794.6 մլն ԱՄՆ դոլարով): Դա պայմանավորված է եղել կառավարության պարտքի աճով, որն աճել է 14.5%-ով, իսկ ՀՀ կենտրոնական բանկի արտաքին պարտքը նվազել է 8.6%-ով։

2020 թ․ հունիսի 30-ի դրությամբ ՀՀ արտաքին պետական պարտքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 510.9 մլն ԱՄՆ դոլարով (9.3%-ով) և դրա տեսակարար կշիռը ՀՀ պետական պարտքի կառուցվածքում նվազել է՝ 79.0%-ից հասնելով 77.5%-ի: Ընդ որում, ՀՀ կառավարության պարտքն աճել է 561.1 մլն ԱՄՆ դոլարով, իսկ ՀՀ կենտրոնական բանկի արտաքին պարտքը նվազել է 50.2 մլն ԱՄՆ դոլարով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում