Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը որևէ հիմնավորում չունի. Երվանդ Վարոսյան

Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը որևէ հիմնավորում չունի. Երվանդ Վարոսյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amՀակակոռուպցիոն դատարանի ստեղծումը որևէ հիմնավորում չունի, որովհետև նախ՝ չկան այդքան կոռուպցիոն գործեր, և երկրորդ՝ չկա այդ գործերը քննելու հետ կապված որևէ խնդիր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ ընդգծելով, թե սա հերթական ծրագիրն է, որը հայկական չէ, Հայաստանում չի գրվել և մեծ հակահայկական, հակապետական ծրագրի մաս է կազմում:

«Ես չեմ հանդիպել մի դեպք, որ բացահայտված լինի ինչ-որ կոռուպցիոն դրսևորում, և դրա քննության վերաբերյալ ինչ-որ խնդիրներ առաջանան, ուստի չկա այդ դատարանի անհրաժեշտությունը: Կարծում եմ՝ այստեղ երկու միտում կա՝ առաջին հերթին սա Սորոսի տխրահռչակ հիմնադրամի ծրագրերից հերթականն է ՀՀ-ի գլխին, և երկրորդ՝ մի քանի դատավորի շատ ավելի հեշտ է կառավարել, հրահանգներ տալ, քան ամբողջ դատական համակարգին»,-նշեց Վարոսյանը՝ հավելելով, թե այն Հայաստան ներմուծվող հերթական ծրագիրն է, որի շուրջ տարբեր մարդիկ «ձեռքեր կտաքացնեն» և փող կաշխատեն:

Վարոսյանի խոսքով՝ ավելի նպատակահարմար ու արդյունավետ կլիներ, որ այն գումարները, որոնք ծախսվելու են հակակոռուպցիոն դատարանի ստեղծման համար, օգտագործվեին գործող դատարանների խնդիրները լուծելու համար:

«Ծախսերը, որոնք նախատեսվում են հակակոռուպցիոն դատարանի ստեղծման համար, կարելի էր ուղղել այս դատական համակարգին, ավելացնել դատավորների հաստիքները և նվազեցնել գործող դատարանների ծանրաբեռնվածությունը: Հակառակ դեպքում` սա հերթական բեռն է լինելու ՀՀ պետբյուջեի վրա: Այսօր մեր դատական համակարգում կան էական խնդիրներ: Օրինակ՝ կարելի էր տարբերակել, թե որ դատավորները կամ քանի տարվա աշխատանքային փորձ ունեցողները պետք է քննեն ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով գործերը: Կարծում եմ՝ սա շատ ավելի կարևոր խնդիր է: Եթե ծախսեր կան անելու, կարելի է այս ուղղությամբ մտածել: Սրանք են իրական խնդիրները, որ լուծման կարիք ունեն»,-ասաց Վարոսյանը:

Վերջինիս դիտարկմամբ՝ դատարաններն այսօրվա դրությամբ էլ են նորմալ կարողանում քննել ինչպես մյուս, այնպես էլ այս կոռուպցիոն բնույթի գործերը: «Սա հերթական իմիտացիան է. իշխանություններն ընտրազանգվածին փորձում են խաբել, թե ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարում են, ինչ-որ բան է փոխվել: Ինչ-որ բան փոխվել է այն առումով, որ եթե դատական համակարգը նախկինում էլ քաղաքական իշխանության ճնշման տակ էր, ապա այսօր փորձ է արվում լիակատար վերահսկողության տակ դնել: Այս բոլոր գործընթացներն ուղղված են դրան»:

Ինչ վերաբերում է ստեղծվող դատարանի դատավորների անկախությանը՝ փաստաբանը նշեց, թե նրանց անկախ լինելն արդեն իսկ այսօր է հարցականի տակ: «Այս իշխանության գործելաոճը ինձ հնարավորություն չի տալիս հավատալ, թե իրենք ինչ-որ ազնիվ մղումներ ունեն: Ակնհայտ է, որ ստեղծում են ձեռքի սովորական գործիք, որը հերթական անգամ պատուհաս է դառնալու մեր իրավական համակարգի համար»,-ասաց Երվանդ Վարոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում