Վերջին մեկ ամսվա ընթացքում հակառակորդն Արցախի ուղղությամբ ակտիվացել է. Տիգրան Աբրահամյան

Վերջին մեկ ամսվա ընթացքում հակառակորդն Արցախի ուղղությամբ ակտիվացել է. Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amTert.am-ը ներկայացնում է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հոդվածը, որում հեղինակը վերլուծել է վերջին մեկ ամսվա ընթացքում Արցախի ուղղությամբ հրադադարի խախտումների դինամիկան: Հոդվածը կարդացեք ստորև:

Պաշտպանության բանակի՝ հակառակորդի խախտումների ու կրակոցների թվի վերաբերյալ ամենշաբաթյա ամփոփիչ հաղորդագրությունները, վերջին մեկ ամսվա ընթացքում՝ հետտավուշյան ժամանակահատվածում, աճի մտահոգիչ դինամիկա են դրսևորում։

Նախ` պետք է արձանագրել, որ վերջին մեկ ամսվա ընթացքում 2 շաբաթ ենք ունեցել, երբ Արցախի մարտական դիրքերի ուղղությամբ կրակոցների աննախադեպ թիվ է գրանցվել՝ 6000։

Մի փոքր դժվարանում եմ ասել, թե նման թիվ երբ է վերջին անգամ գրանցվել, սակայն վերջին 3 տարում նման դեպք, այն էլ՝ մեկ ամսվա ընթացքում 2 շաբաթ, չեմ կարողանում մտաբերել։

Եվ այսպես, հուլիսի 18-ին, պաշտպանության բանակն իր շաբաթական ամփոփագրով տեղեկացրել է, որ հուլիսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում նկատվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 6000 կրակոց:

Դա այն ժամանակահատվածն էր, երբ, բացի վերոնշյալ խախտումներից, ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել էին հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-3» տիպի անօդաչու թռչող սարք:

Հուլիսի 18-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 260 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2300 կրակոց:

2300 կրակոցը 6000-ի համեմատ էականորեն ցածր թիվ է, սակայն տարվա միջինացված թվից բարձր է։

ՊԲ փոխանցմամբ, հուլիսի 26-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1700 կրակոց:

Իսկ արդեն օգոստոսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 2800 կրակոց: Այսինքն՝ մեկ շաբաթվա կտրվածքով կրկին կրակոցների կտրուկ աճ՝ 1100-ով։

Առաջին հայացքից թվում էր, որ կրակոցների աճը պայմանավորված էր ադրբեջանական անօդաչու սարքերի ակտիվ թռիչքներով և Տավուշում ծավալված գործողություններով, որոնք նպաստում էին առաջնագծում լարվածության աճին, սակայն օգոստոսի երկրորդ տասնօրյակում, երբ Տավուշում մարտական գործողություններ չեն ընթանում, նույնիսկ սադրանքներ չեն գրանցվել, Արցախի ուղղությամբ, կրակոցների թիվը կրկին աճում է։

Նախորդ շաբաթ՝ օգոստոսի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի ուղղությամբ արձանագրվող կրակոցների թիվը կրկին աճեց՝ կրկնելով տավուշյան մարտական գործողությունների օրերին գրանցված թիվը։

ՊԲ-ն հաղորդեց, որ այդ ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 6000 կրակոց:

Ինչո՞վ է պայմանավորված հրադադարի ռեժիմի խախտումների և կրակոցների թվի ավելացումը։

Առաջին հերթին սա իսկապես կապված է Տավուշում ծավալված ռազմական գործողությունների և դրա արդյունքի հետ, որն Ադրբեջանին ակնհայտորեն հունից հանել է և նրանց գոնե այս փուլում մղել անկանոն շարժերի ու հիմնականում ոչ նպատակային կրակոցների։

Իհարկե, զուգահեռ նկատելի է, որ Ադրբեջանը հատկապես Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունների ու ռազմական-քաղաքական կոնսուլտացիաների միջոցով փորձում է իր առաջիկա ժամանակահատվածի մարտավարությունը կառուցել, սակայն դրա արդյունքներն ավելի ուշ կերևան։

Երկրորդ՝ չի բացառվում, որ վերջին 2-3 շաբաթվա իրադարձությունների վրա որոշակի ազդեցություն ունեն նաև թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, որոնք ճիշտ է՝ հիմնականում սահմանին մոտ հատվածներում չեն անցկացվել, սակայն տարբեր ժամանակներում, անցկացվող զորավարժությունների ժամանակ լարվածության և կրակոցների աճ նախկինում ևս գրանցվել է։ Այս մոտեցումը ևս դժվար է միանշանակ հերքելը։

Երրորդ՝ բանակցային գործընթացում ստեղծված պատային վիճակ, որն Ադրբեջանին մղում է իր ավանդական գործելաոճին, այն է՝ հրադադարի ռեժիմի խախտումների միջոցով անընդհատ լարված պահել իրադրությունն առաջնագծում։

Ցավալիորեն պետք է արձանագրել, որ տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակը, Ադրբեջանում այս փուլում տարվող քաղաքականությունն ու Թուրքիայի ակտիվացող անկայունացնող գործոնը հուշում են, որ առաջիկա ժամանակներում իրավիճակի լիցքաթափում չենք ունենա։ Ավելին՝ առաջնագծում նոր իրադարձություններ կարող են զարգանալ, որոնք տարբեր բնույթի սադրանքների և գործողությունների կարող են հանգեցնել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում