ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ռուսաստանի և Չինաստանի դեմ ԱՄՆ սպառնալիքներին

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ռուսաստանի և Չինաստանի դեմ ԱՄՆ սպառնալիքներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը անհիմն է համարել Իրանի դեմ պատժամիջոցների իրավիճակի հետ կապված Ռուսաստանին և Չինաստանին ուղղված ԱՄՆ-ի սպառնալիքները:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն համապատասխան «հետևանքներով» էր սպառնացել Մոսկվային և Պեկինին, եթե նրանք հրաժարվեն կատարել Թեհրանի դեմ ՄԱԿ-ի միջոցով Վաշինգտոնի կողմից վերականգնվող պատժամիջոցների ռեժիմը:

«Վաշինգտոնից արդեն հնչած ոչ մի սպառնալիք, ըստ որոնց Ռուսաստանն ու Չինաստանը իբր պետք է մտածեն հետևանքների մասին, չի փոխի մեր դիրքորոշումը»,- ասել է Ռյաբկովը «ՌԻԱ նովոստի»-ին:

Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չաջակցեց Իրանի դեմ զենքի էմբարգոն երկարաձգելու վերաբերյալ ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևին: Ներկայում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (JCPOA) շրջանակներում Իրանին ռազմական տեխնիկա մատակարարելու արգելքը ժամանակավոր է և ավարտվում է հոկտեմբերի 18-ին: Բանաձևին կողմ էին քվեարկել միայն Միացյալ Նահանգները և Դոմինիկյան հանրապետությունը: Ռուսաստանը և Չինաստանը դեմ էին դրան: Անվտանգության խորհրդի մնացած 11 անդամները ձեռնպահ են մնացել:

Վաշինգտոնը նախատեսում է թարմացնել պատժամիջոցները՝ չնայած Անվտանգության խորհրդի անդամների համաձայնության բացակայությանը: Օգոստոսի 20-21-ին Մայք Պոմպեոն կայցելի Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայան և կհրապարակի ԱՄՆ իշխանությունների որոշումը: Վաշինգտոնը մտադիր է վերականգնել մի շարք սահմանափակումներ, ներառյալ զենքի մատակարարման արգելքը, որը կերկարաձգվի 13 տարով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում