ՀՀ նախագահի նստավայրի հարևանությամբ խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կա 5 վիրավոր

ՀՀ նախագահի նստավայրի հարևանությամբ խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կա 5 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, Shamshyan.com: Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ նախագահի նստավայրի հարևանությամբ, բախվել են 22-ամյա Վիգեն Զիրոյանի վարած Mercedes ե 350 մակնիշի 01 VM 002 համարանիշի, 56-ամյա Հովիկ Ալեքսանյանի վարած Lexus RX 350 մակնիշի 01 XX 107 համարանիշի և 37-ամյա Էդգար Ոսկանյանի վարած մարդատար ГАЗель մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկրարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր:

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Վահան Էվինյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողներն ու նույն գումարտակի 0205 պարեկայինի աշխատակիցները:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Դ. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ում հանձնարարականով էլ վարորդները ենթարկվեցին սթափության փորձաքննության, պարզվեց, որ բոլորը եղել են սթափ, իսկ ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում