Ադրբեջանը քարոզչական նոր ալիք կսկսի. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը քարոզչական նոր ալիք կսկսի. Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amTert.am-ը ներկայացնում է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է ՀՀ Զինված ուժերի սպա Գուրգեն Ալավերդյանի կորելու միջադեպին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից կիրառված և հնարավոր քարոզչական գործողություններին: Հոդվածը կարդացեք ստորև:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեկ ուշ երեկոյան հաղորդագրություն տարածեց, որում նշում էր, որ «հայկական կողմը դիվերսիոն-հետախուզական գործողություն է իրականացրել, որի արդյունքում այդ խմբի հրամանատարը գերեվարվել է իրենց կողմից»։

Ավելի ուշ սոցցանցերի ադրբեջանական տիրույթում հայկական համազգեստով զինծառայողի տեսանյութ և լուսանկար շրջանառվեց։

Արձագանքելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանը, Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը նշեց, որ «օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Իրականացվում են որոնողական աշխատանքներ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերսանտ»:

Հայաստանի պաշտպանության նախարարությունն այս հայտարարությամբ դեռևս չի հաստատում տվյալ զինծառայողի Ադրբեջանում գտնվելու հանգամանքը, սակայն փաստում է, որ այդ զինծառայողը մարտական հենակետում չէ և նրան գտնելու ուղղությամբ որոնողական աշխատանքներ են գնում։

Առաջին հայացքից պարզաբանման այդ ձևակերպումը հասկանալի չէ, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս միջադեպի հետ կապված մեծ թվով հանգամանքներ դեռևս ճշտման փուլում են, ՊՆ-ն իր հրապարակային հայտարարություններում բնականաբար զգուշություն է դրսևորում։

Հասկանալի է, որ անկախ պատճառներից ու հանգամանքներից, Ադրբեջանն այս միջադեպը փորձելու է առաջին հերթին իր քարոզչական նպատակներին ծառայեցնել։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության առաջին հաղորդագրությունն արդեն իսկ այդ մասին խոսում է։

Դեպքի մանրամասները դեռևս չեն հանրայնացվել, բայց արդեն հիմա պարզ է, որ որոնման մեջ գտնվող զինծառայողը մարտական հերթապահության մեջ է եղել և ըստ այդմ՝ չէր էլ կարող ընդգրկվել այլ գործառույթ իրականացնող խմբի կազմում։ Երկրորդ, ստեղծված իրավիճակում ինչ էլ լիներ, Ադրբեջանը դա փորձելու էր դիվերսիա կամ հարձակում ներկայացնել, որովհետև առավել քան երբևէ, ադրբեջանական բանակին «հաղթական պատմություններ» են անհրաժեշտ փրկելու իրենց բանակի ու զինծառայողների անկում ապրող հեղինակությունը։

Հատկապես տավուշյան իրադարձություններից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետը կորել են հեռուստաէկրաններից ու առհասարակ լրատվամիջոցների ԹՈՓ հատվածներից, որոնցով մանրամասն լուսաբանվում էր ինչպես նրանց այցերը զորամասեր և մարտական հենակետեր, այլ հայտարարությունները, որոնցով նրանք սպառնում էին վերևից իջեցված մեկ հրամանի դեպքում ռազմական ճանապարհով լուծելու Արցախի հարցը։

Եթե, այնուամենայնիվ, մեր զինծառայողը գտնվում է Ադրբեջանի տարածքում՝ ինչպես նրանք են պնդում, ապա առաջիկա ժամանակահատվածում քարոզչական մեծաքանակ նյութեր կլինեն, որոնցով Ադրբեջանը կփորձի հերոսացնել իր զինծառայողներին, ովքեր «դիվերսիա են հետ մղել» և վարկաբեկել մեր զինուժը՝ իրենց տարածքում գտնվող զինծառայողի փաստը ներկայացնելով ամենատարբեր տեսանկյուններից։

Առանց այդ էլ վերջին շրջանում Ադրբեջանի շրջանառած կեղծիքներն աննախադեպ ծավալների են հասել։ Եթե ժամանակին հայկական մամուլում հայտնվող տարբեր գործիչների և փորձագետների հարցազրույցները ընդհանուր համատեքստից կտրված ձևով էին ներկայացնում ադրբեջանական տեղեկատվական տիրույթում՝ իրենց իսկ շահեկան դիրքից, ապա ներկայումս ամբողջությամբ փոխում են հնչող հայտարարությունները և գրեթե ամբողջությամբ խեղաթյուրված, շատ ժամանակ՝ լրիվ հակառակ հնչեցրած ձևակերպումներով հայտարարություններ են ներկայացնում։

Հասկանալի է, որ Ադրբեջանում լավ օրից չէ, որ ստիպված այդ մասշտաբների մանիպուլյացիաների ու կեղծիքների են գնում, սակայն նրանք հույս ունեն, որ դա որոշակի առումով ազդեցություն կունենա մեր հանրության վրա, իսկ որ իրենց համար ամենակարևորն է՝ ադրբեջանական հանրությունում ինչ-որ առումով կբարձրացնի զինված ուժերի հեղինակությունը՝ որոշակի ձևով կքողարկի Տավուշում ադրբեջանական զինուժի տապալումները։

Կա ևս մեկ գործոն, որը Ադրբեջանը հաստատ կցանկանա օգտագործել, սակայն հուշում չապահովելու նպատակով դեռևս այդ մասին փակագծերը չեմ բացի։

Մեկ կարևոր հանգամանք ևս։ Այս ու նմանատիպ միջադեպերը նաև հուզական կողմ ունեն։ Ցանկացած հայտարարություն, ցանկացած արձագանք հնչեցնելուց պետք է նկատի ունենալ մոլորված զինծառայողի ընտանիքի անդամների, հարազատների ու ընկերների հուզական կողմը և այսպիսի թեմաներին հնարավորինս նուրբ մոտեցում դրսևորել։

Այս պահին գերնպատակը այդ զինծառայողին գտնելն է, իսկ եթե նա գտնվում է Ադրբեջանում տարածքում, ապա նրան վերադարձնելը՝ օգտագործելով միջազգային կառույցների, միջնորդ երկրների ողջ ներուժը։ Իսկ մոլորվելու հանգամանքների վերլուծությունը միշտ էլ կարելի է անել, կարևորը՝ մեր զինծառայողի անվտանգության հարցն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում