Եվրախորհրդի ղեկավարն արդեն քանի օր է՝ չի կարողանում կապ հաստատել Լուկաշենկոյի հետ

Եվրախորհրդի ղեկավարն արդեն քանի օր է՝ չի կարողանում կապ հաստատել Լուկաշենկոյի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amԵվրամիության արտաքին քաղաքականության ծառայության փոխղեկավար Հելգա Շմիդն այսօր հայտարարել է, որ մի քանի օր է՝ ԵՄ-ին չի հաջողվում կապ հաստատել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, գրում է tass.ru-ն։

Նրա խոսքով՝ վերջին օրերին Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը փորձել է խոսել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, սակայն նրա ջանքերն ապարդյուն են եղել։

«Եվրախորհրդի ղեկավարը վերջին օրերին փորձել է կապվել Լուկաշենկոյի հետ, սակայն նրան չի հաջողվել»,– հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի արտահերթ նիստում, որը նվիրված է Բելառուսում տիրող իրավիճակին:

Նույն նիստում բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան տեսակապի միջոցով հայտարարել է, որ Բելառուսում նախագահական ընտրություններն անցկացվել են հազարավոր խախտումներով, իսկ դրանց պաշտոնական արդյունքները չեն ընդունվել բելառուս ժողովրդի կողմից:

Նա նաև խոսել է բելառուսական ընդդիմության նպատակի մասին, այն է՝ խաղաղ երկխոսության միջոցով նոր ընտրությունների հասնելը։ Նախկին թեկնածուն հավելել է, որ ընդդիմությունը պատրաստ է իշխանությունների հետ բանակցությունների համար իր ներկայացուցիչներին առաջադրել։

«Հայտարարում եմ իշխանությունների հետ բանակցությունների մեջ մտնելու պատրաստակամության մասին։ Պատրաստ ենք ներկայացնել մեր բանակցողներին»,- հայտարարել է նա։

Բողոքի ցույցերը Մինսկում չեն դադարում 15 օր շարունակ: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել գործող նախագահը՝ ստանալով ձայների 80 տոկոսը: Ցույցերի առաջին օրերին հազարավոր մարդիկ էին ձերբակալվել, հարյուրավորները՝ վիրավորվել, 3 ցուցարար էլ մահացել է։ Որոշ աղբյուրներ հայտնում են 5 զոհի մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում