Քաղաքացիական հասարակության ազգայնացումը…

Քաղաքացիական հասարակության ազգայնացումը…

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.amՏարիներ շարունակ շատ հանրային-քաղաքական գործիչներ մատնացույց են արել հայ «քաղաքացիական հասարակության» շինծու լինելը։ Շատ են (և շատ դեպքերում արդարացված) պնդումները, որ Հայաստանում խիստ արհեստական հիմքերի վրա դրված քաղաքացիական հասարակությունը չի ծառայում ՀՀ պետական և հայ ազգային շահերին, այլ հիմնականում կատարում է միջազգային գրանտատուների գրանտային պատվերները և ծառայություններ է մատուցում տարաբնույթ խմբերի և հաճախ նույնիսկ մեր պետության թշնամիներին։ Շատ դեպքերում այս պնդումներին հակասելը քիչ է որ անշնորհակալ գործ է, նաև ազնիվ չէ, որովհետև դրանք հիմնականում արդարացված և փաստարկված են։

Բայց եկե՛ք այսօր ուշադրություն դարձնենք քիչ այլ հարցի և հետևանքները քննարկելու փոխարեն՝ քննարկենք հիմնական պատճառները։

Առաջին և խորքային հարցը, որ առաջանում է, այն է, թե ի՞նչ է արվում վերջին երեսուն տարիներին՝ քաղաքացիական հասարակությունն ազգայնացնելու ուղղությամբ։ Այս հարցը իր հերթին ունի երկու հիմնական ենթահարց. ինչ ֆինանսներ են ներդրվել այդ ուղղությամբ և գաղափարական ի՞նչ հենք է կառուցվել դա զարգացնելու համար։

Անդրադառնալով առաջին հարցին՝ կարելի է միանգամից ընդգծել, որ ֆինանսական միջոցներ գրեթե չեն հատկացվել, իսկ եթե նույնիսկ որոշ դեպքերում հատկացվել են, դրանք հիմնականում ճիշտ չեն կառավարվել ու չեն ծառայել այս նպատակին։ Միջազգային ֆոնդերից սնվող հիմնադրամները ներգրավել են անգամներով ավելի շատ միջոցներ, քան տեղական հիմնադրամները և արդյունքում ստացել վերահսկողություն քաղաքացիական-հասարակական դաշտում։ Շատերը կարող են պնդել, որ Հայաստանում չկան բավարար միջոցներ, բայց ցանկացած մեդիագրագետ ու տրամաբանող անհատ, թերևս, կարող է ինքն իր համար հերքել նմանաբովանդակ պատասխան-պատճառաբանությունը։ Ֆինանսական պարտությունն այսքան ցավոտ հետևանքներ չէր ունենա, եթե դրան փոխարիներ գոնե գաղափարական-ինտելեկտուալ աշխատանքը։ Այսպիսով, եթե միջազգային ֆինանսավորմամբ հկ-ները տարեկան մի քանի անգամ (առնվազն) կազմակերպում են բազմաբովանդակ սեմինարներ, դասախոսություններ, ծրագրեր, իրենց անդամներին տալիս են միջազգային հարթակներում ինքնադրսևորվելու հնարավորություն, տեղական կազմակերպությունները բավարարվել/ում են տարեկան մի քանի լուրջ ծրագրով, որոնցից որոշներն էլ՝ աչքի են ընկնում գռեգիկ պաթոսով ու հաճախ վանում նույնիսկ ազգային-պահպանողական գաղափարներ կրող անհատներին։

Համաձայնեք՝ շարքային երիտասարդի համար, ով դպրոցական տարիքից չի ստացել ազգային դաստիարակություն, այս միջազգային ծրագրերը բավականին գրավիչ են։ Հաճախ նույնիսկ «խափվում են» երիտասարդներ, ովքեր ազգային մտածողության բավականին մեծ բազա ունեն։

Որպես եզրակություն ճիշտ կլինի ընդգծել. կարելի է անվերջ կռիվ տալ կասկածելի, հաճախ հակահայկական օրակարգեր առաջ տանող գրանտային կազմակերպությունների դեմ։ Բացառված չէ, որ այդ «կռվում» հնարավոր լինի գրանցել հաջողություններ, բայց քանի դեռ դրանց այլընտրանքը ստեղծված չէ, քանի դեռ չկա ազգային հակակշիռ, քանի դեռ քաղ. հասարակությունը ազգայնացնելու հրամայականը գիտակցված չէ, վերջնական հաղթանակի մասին խոսելն անիմաստ է։

Էդուարդ ԳԱԼՍՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում