Իսրայելը հարվածել է Լիբանանի սահմանին գտնվող «Հըզբոլահ»-ի դիտակետերին

Իսրայելը հարվածել է Լիբանանի սահմանին գտնվող «Հըզբոլահ»-ի դիտակետերին

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.amԻսրայելական պաշտպանության բանակն ավիահարվածներ է հասցրել Լիբանանի սահմանի մոտակայքում գտնվող «Հըզբոլլահ»-ի դիտակետերին՝ ի պատասխան դրանցից արձակված կրակահերթի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին չորեքշաբթի օրը Twitter-ում հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Անցած գիշեր Իսրայելի հյուսիսում կատարվող գործողության ժամանակ Լիբանանի կողմից կրակ է բացվել իսրայելական ուժերի վրա: Մենք պատասխան կրակ բացեցինք, և մեր ինքնաթիռները հարվածեցին սահմանի մոտ գտնվող «Հըզբոլլահ»-ի դիտակետերին», – ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Իսրայելի Պաշտպանության ուժերի ներկայացուցիչ Ավիշայ Անդրայեն հաղորդել էր Լիբանանի հետ սահմանի միջադեպի մասին, որտեղ փշալարերի արգելապատնեշում հայտնաբերվել էր բացված անցուղի: «Ալ-Հադաթ» հեռուստաալիքն իր հերթին, տեղեկացրել էր, որ իսրայելական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հայտնվել են Լիբանանի սահմանամերձ շրջանների օդային տարածքում:

Երեքշաբթի երեկոյան իսրայելական զինված ուժերը իսրայելական Մանարա գյուղի մերձակայքում գտնվող սահմանային տարածքում ստուգումներ են արել՝ պարզելու, թե արդյոք Լիբանանի տարածքից «Հըզբոլլահ»-ի զինված խմբավորում է ներթափանցել: Իսրայելական զինուժը լուսային հրթիռ էր արձակել լիբանանյան Հոլա և Մեյս ալ-Ջաբել բնակավայրերի ուղղությամբ:

Բանակի հրամանատարությունը մասնակի տագնապ էր հայտարարել, արգելափակել Գալիլեայի հյուսիսում գտնվող ճանապարհները և բնակիչներին խորհուրդ էր տրվել չհեռանալ իրենց տներից: Ըստ «Ալ-Հադաթ»-ի, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեկնել է հյուսիսային ռազմական շրջանի շտաբ, որպեսզի անձամբ վերահսկի գործողությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում