ԱՄՆ-ն ՌԴ-ին խիստ պատժամիջոցներով է սպառնացել

ԱՄՆ-ն ՌԴ-ին խիստ պատժամիջոցներով է սպառնացել

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amԱՄՆ-ն Ռուսաստանին զգուշացրել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորմանը ռուսական իշխանությունների մասնակցության մասին վարկածի հաստատվելու դեպքում խիստ պատժամիջոցներ կսահմանի երկրի դեմ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ նախօրեին կայացել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ժամանակ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է, որ Ալեքսեյ Նավալնիի թունավորմանը ռուսական իշխանությունների մասնակցության մասին վարկածի հաստատվելու դեպքում «Վաշինգտոնը միջոցներ կձեռնարկի»։

Սթիվեն Բիգանը, ինչպես նաև եվրոպացի շատ առաջնորդներ դատապարտել են Նավալնիի թունավորման փորձը և կոչ արել ռուսական իշխանություններին մանրակրկիտ հետաքննություն անցկացնել։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Կրեմլի և անձամբ Վլադիմիր Պուտինի՝ գործչի թունավորմանը մասնակցության վերաբերյալ Նավալնիի համախոհների մեղադրանքներն «անհիմն աղմուկ» է որակել։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու թունավորումը չի բխում ռուսաստանյան ղեկավարության շահերից:

Գերատեսչությունից ընդգծել էին, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հանդիպման ընթացքում Մոսկվան պատրաստակամություն է հայտնել բաց և անկողմնակալ հետաքննել ոչ միայն Նավալնիի հետ կապված իրավիճակը, այլև Սկրիպալների և Լիտվինենկոյի գործերը, որոնց թունավորման մասին կրկին հիշեցնում են արևմտյան լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ Նավալնիի թունավորման մասին օրերս հայտարարել էին բեռլինյան Charite հիվանդանոցի մասնագետները, որոնց հսկողության տակ է ներկա պահին գտնվում ռուս գործիչը: Վերջինիս շաբաթ առավոտյան ինքնաթիռով Գերմանիա են տեղափոխել Օմսկի հիվանդանոցից, որտեղ բժիշկները բացառել էին թունավորման վարկածը՝ նշելով, որ նրա օրգանիզմում ալկոհոլ և կոֆեին են հայտնաբերել: Ալկոհոլի հայտնաբերման հանգամանքն էլ հերքել են գերմանացի մասնագետները: Հայտնի է, որ վերջինս դեռ գտնվում է արհեստական կոմայի մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում