Լեզվի դամբարանը

Լեզվի դամբարանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am«Երբ ձեր չանեն հոգնի ծամելուց, ձգվե՛ք դեպի խոսափողը և մի՛ մտահոգվեք չորս ոտքի պատճառով, որովհետև եթե ձեզ բերել են այստեղ, ուրեմն ի՞նչ աստիճանի պետք է իջեցված լինի խոսքի արժեքը»

Ճիշտ համարեցի հոդվածը սկսել՝ ցիտելով Վանոյի «Գյադաների ժամանակ»-ից այս հատվածը, որովհետև ներկա քաղաքական գործիչների մեծամասնությունը ընդդիմադիր եղած ժամանակ շատ հաճախ էին օգտվում սույն հոդվածաշարից։ Հիմա, կարծես, մեծապատիվ պարոնները մոռացել են այդտեղ գրված տողերը կամ մոլորությամբ կարծում են, որ եթե իրենք կարդացել ու բազմաթիվ պատեհ-անպատեհ առիթներով ցիտել են դրանք, յուրատեսակ «ապահովագրություն» են ստացել այդ տողերից շատերը իրենց վերագրելու վտանգից։

Հայ քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձությունների մասին շատ է խոսվել. այս անգամ պիտի խոսենք խոսքի միտումնավոր սնանկացումից, հայոց լեզվի քարկոծումից։ Իմիջիայլոց, քարկոծումը չի վերաբերվում օրենսդրական նախաձեռնություններին, որոնք ուղղված են լեզվի դերի նվազեցմանը։

Քաղաքական բարձրագույն ամբիոններից հնչեցված ելույթները լսելիս՝ տպավորություն է ստեղծվում, որ մասնակցում ես հայոց լեզվի հոգեհանգստին. համաձայնեք՝ տխուր պատկեր է, տխուր է տեսնել ԱԺ ամբիոնից ելույթ ունեցող երեսփոխանին կամ առավել ևս երկրի ղեկավարին, ով օգտագործում է «համբալ», «փռել ասֆալտին», «ծեփել պատերին», «պադվալ», «ցեխից պլստալ», «ոռնալ» (մարդու մասին խոսելիս) արտահայտությունները։ Իմիջիայլոց, եթե էթիկան թույլ տար, կարելի էր առանց ջանք գործադրելու՝ գտնել շատ ավելի գռեհիկ բառեր ու արտահայտություններ։

Քաղաքական խոսքը քաղաքական մշակույթի գլխավոր բաղադրիչներից է, ու քանի դեռ ԱԺ ամբիոնից հնչում է այսօրինակ բառապաշար, լրիվ տրամաբանական է հանրային հարթակներում տիրող քաոսը ու հայհոյանքի մրցավազքը։ Եւ այս ուժի ներկայացուցիչը համարձակություն ունի իր թիմին անվանել «լուսավորչական շարժման ջահակիր», իսկ ընդդիմախոսներին՝ «խավարամիտների բանակ»։

Լեզվի սնանկացումը, մշակույթի սնանկացումը, ատելության քարոզը չի կարող բերել հասարակության կամ քաղաքական դաշտի առողջացմանը, այլ միայն նպաստելու է անդունդի եզրին մոտեցմանը։ Քանի դեռ հայոց լեզուն օգտագործվում է այս տգեղ եղանակով, քանի դեռ հայոց լեզուն կիրառվում է ստի կայսրություն ստեղծելու համար, մենք ոչ մի լավ բանի հույս չենք կարող ունենալ։ Առողջ եղե՛ք և հետևե՛ք վերոհիշյալ հեղինակի խորհրդին. «հեռու՛ մնացեք մեր լեզվի տաճարից, դա միակ բանն է, որ մեզ մնացել է»։

Էդուարդ ԳԱԼՍՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում