Ազգային արժեհամակարգի պահպանումն ուղիղ համեմատական է ազգի և պետության պետականության անվտանգությանը. Ռուբեն Մելքոնյան

Ազգային արժեհամակարգի պահպանումն ուղիղ համեմատական է ազգի և պետության պետականության անվտանգությանը. Ռուբեն Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amԱզգային արժեհամակարգի պահպանումն ուղիղ համեմատական է ազգի և պետության պետականության անվտանգությանը. այս մասին «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խմբի ասուլիսին հայտարարեց նախաձեռնության անդամ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը:

Վերջինս նշեց, թե նախաձեռնությանը միանալը երկու հիմնավորում ունի. «Առաջինն այն է, որ ազգային արժեհամակարգը դարերի ընթացքում եղել է հայ ժողովրդի՝ դիմադրելու, պայքարելու, հաջողության հասնելու կարևոր գրավականներից մեկը, և պատմությամբ ապացուցված է, որ այն պահին, երբ մենք հավատարիմ ենք եղել ազգային արժեհամակարգին, մեր հավաքական ոգին շատ ավելի մեծ հաջողություններ է արձանագրել և դիմագրավել է տարբեր փորձությունների»,– նշեց նա:

Երկրորդը հանգամանքը, Մելքոնյանի խոսքով, իր՝ արևելագետի, թուրքագետի մասնագիտությունն է. «Ինձ համար ոչ թե ասեկոսեների մակարդակով, այլ խորքային առումով հայտնի է, որ թուրքական, ադրբեջանական թիրախներից են նաև մեր ազգային արժեհամակարգի տարբեր հիմնասյուներ, այդ թվում՝ մեր եկեղեցին, ընտանիքը, դաստիարակությունը, կրթությունը և այլն»,- ասաց նա՝ նշելով, որ նաև արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար պետք է էլ ավելի մեծ կարևորություն տալ ազգային արժեհամակարգին և դա նաև օրենքի մակարդակով փորձել ամրագրել, որ դրա նկատմամբ տարբեր ոտնձգությունները չկարողանան կենսունակ լինել:

«Ես վստահեցնում եմ, որ թուրքական ուղղակի և անուղղակի հարձակումների քաղաքականության մեջ ազգային արժեհամակարգն ունի կարևոր դեր, և մենք դրան պետք է դիմագրավենք՝ հասկանալով թուրքական ուղիղ քայլերը, որոնք ուղղված են մեր մշակույթի ոչնչացմանը, ինչպես նաև այն անուղղակի վտանգները, որոնցով թուրքական, ադրբեջանական և այլ հակառակորդ շրջանակներ գործում են մեր ազգի և մեր պետության դեմ»,- ասաց նա, ապա հավելեց. «Ինձ համար ազգային արժեհամակարգն ու պետության անվտանգությունը նույն հորիզոնականում են»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում