Ռայնիսի փողոցի շենքի պայթյունի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է

Ռայնիսի փողոցի շենքի պայթյունի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.amՌայնիսի փողոցի շենքի պայթյունի հետևանքով Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված 41-ամյա Էդգար Մարգարյանը մահացել է. այս մասին Tert.am-ին հայտնեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

Նշենք, որ Ռայնիսի 1 հասցեի շենքի պայթյունի հետևանքով տուժած երկու քաղաքացիները` 41-ամյա Էդգար Մարգարյանը և 71-ամյա Սվետլանա Սահակյանը տեղափոխվել էին հիվանդանոց:

Էդգար Մարգարյանը հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, նա միացված էր արհեստական շնչառության սարքին: Իսկ մյուս տուժածի վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին Քանաքեռ -Զեյթուն համայնքի Ռայնիսի 1 հասցեի շենքում պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով փլատակների տակ մնացած 56-ամյա Արթուր Ղազարյանին փրկարարները հայտնաբերեցին մահացած:

Պայթյունի հետևանքով շենքի մի մասը փլուզվել էր, բնակիչները փրկարարների օգնությամբ շենքից տարհանվել էին:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ պայթյունից տուժած բնակիչները կապահովվեն ժամանակավոր կացարանով:

Նշենք, որ դեպքի վայր էին մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում