Երևանի կոնյակի գործարանը բերքահավաքից օրեր առաջ հրաժարվում է մթերել գյուղացիների խաղողը

Երևանի կոնյակի գործարանը բերքահավաքից օրեր առաջ հրաժարվում է մթերել գյուղացիների խաղողը

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.amԱյսօր առավոտյան Արարատի մարզի Լուսառատ, Փոքր Վեդի, Տափերական, Նոր Կյանք ու այլ գյուղերի, Վեդի քաղաքի խաղողագործները փակել էին միջպետական ճանապարհը, որպեսզի պատկան մարմիններին կարողանան տեղ հասցնել իրենց դժգոհություններն ու բողոքները։

Երևանի կոնյակի գործարանի «Այգավանի» մասնաճյուղը բերքահավաքին ընդառաջ վերանայել է գյուղացիների հետ կնքված մթերման պայմանգրերն ու կիսով չափ կրճատել բերքի ընդունելիք ծավալը։

«Ինձ հետ գործարանը կնքել է 26 տոննա խաղողի պայմանագիր՝ մեկ կգ-ն 155 դրամով։ Հիմա, երբ բերքը հասել է, ասում են ընդունելու ենք 13.5 տոննա։ Բա ես հիմա մնացած 13 տոննան ի՞նչ անեմ»,- Panorama.am-ի հետ զրույցում խնդիրը նկարագրեց գյուղացիներից մեկը։

Նա ասում է, որ եկամուտն աչքի առաջ ունենալով՝ ինքն էլ պայմանգրեր է կնքել ու պլանավորումներ արել։ Օրինակ, ուսանող երեխայի վարձի չափի շուրջ պայմանագիր է կնքել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ, թե ինչպե՞ս է վճարելու վարձը, ինքն էլ չգիտի։

«Ամբողջ տարին մեծ ու փոքրով այգի ենք մշակում, այն հույսով, որ աշնանը կհանձնենք, գումարը կստանանք, մի հարց կլուծենք։ Հիմա եկել է բերքը հանձնելու ժամանակը, կանգնեցնում են փաստի առաջ»,- ասում է գյուղացին՝ խոստովանելով, որ հոգնել է մշտական այս խնդրից։

Զրուցակցի հարևանն էլ իր օրինակն է բերում, 60 տոննայի պայմանագիր ունի ձեռքին, գործարանից ասել են՝ 30 տոննան են ընդունելու։

Գյուղացիները չգիտեն, բերքահավաքից օրեր առաջ պատրաստ կլինե՞ն մյուս գործարաններն ընդունել իրենց բերքը։ Եթե նույնիկ ընդունեն, իրենք մեծ դժվարություններ ու ֆինանսական կորուստներ են ունենալու, քանի որ այլ գործարանները բերքն ընդունում են 1 կգ-ն մոտ 20 դրամով ավելի էժան։

Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի՝ Փոքր Վեդի գյուղի հատվածը երկկողմ երթևեկությունը մոտ 1-1.5 ժամ փակած գյուղացիների հետ բանակցելու էին եկել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Արարատի, Վեդու ոստիկանապետերը։

Մարզպետն ու գյուղացիները պայմանավորվել են հանդիպել այսօր ժամը 15։00-ին մարզպետարանի շենքում։

Հիշեցնենք, որվ նախորդ տարվա ապրիլին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ավետել էր. «Երևանի կոնյակի գործարանը արդեն իսկ հայտարարեց, որ այս տարի պատրաստվում է նախորդ տարվանից ավելի քան 2000 տոննայով ավելի խաղող մթերել, նախորդ տարվա համեմատ 10 դրամ ավելի մթերման գնով»։

Տասը դրամով բարձրացրեցին, իսկ ծավալը՝ կրճատեցին։ Դրա մասին կառավարության ղեկավարն իհարկե կլռի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում