Կառավարությունը պետք է վերանայի սպաների բնակարանային ծրագիրը․ Տիգրան Աբրահամյան

Կառավարությունը պետք է վերանայի սպաների բնակարանային ծրագիրը․ Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Tert.am-ը ներկայացնում է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է սպաների բնակարանային խնդրին։ Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ պետությունն ավելին պետք է անի զինծառայողներին բնակարանով ապահովելու հարցում, իսկ զինծառայողներին մատչելի բնակարանով ապահովելու ծրագիրը մի շարք բացեր ունի։ Հոդվածը կարդացեք ստորև․

Վերջին մի քանի տարիներին Պաշտպանության նախարարությունը վերանայումներ է կատարել սպաներին բնակարաններով ապահովելու ծրագրում։

Եթե մինչև 2018 թվականը պետությունը պարտավոր էր բնակարանով ապահովելու դրա կարիքն ունեցող սպաներին, ապա վերջին տարիներին, որպես հիմնավորում ներկայացնելով պետության համեստ հնարավորությունները, որոշում կայացվեց ներդնել զինծառայողներին մատչելի բնակարանով ապահովելու ծրագիրը։

Այն մի կողմից ենթադրում է ցածր տոկոսադրույք, որի մի մասը սուբսիդավորվում է պետության կողմից, մյուս կողմից, դրա համար կարող է գործել եկամտահարկի վերադարձի օրենքը՝ կառուցապատողից բնակարան, առանձնատուն գնելու դեպքում։

Այս ծրագրի առանցքային դրույթը պետության կողմից 10 տոկոս կանխավճարի սուբսիդավորման գործոնն է։

Չնայած այն հանգամանքին, որ այս ծրագիրը ներկայացվում է որպես իրավիճակի լավագույն լուծում, այն բավականին խնդիրներ է պարունակում։

Առաջին՝ պետության կողմից սուբսիդավորվող տոկոսադրույքն ու տրվող կանխավճարի 10 տոկոսը մատչելիություն չեն ապահովում զինծառայողների համար։ Պատկերացրեք իրավիճակ, երբ սպան 10-15 տարի ծառայում է սահմանային զորամասում, մարտական հերթապահություն իրականացնում իր հիմնական բնակավայրից գտնվում է 400-450 կմ հեռու, իսկ մենք որպես աջակցություն նրան ասում ենք, որ բնակարան ձեռք բերելու դեպքում նրա համար կվճարենք բնակարանի կանխավճարի 10 տոկոսը և կսուբսիդավորենք վարկի 4 տոկոս։

Արդյո՞ք մենք սրանով արժանին ենք մատուցում մեր զինծառայողներին բավականին ծանր և բարդ պայմաններում ծառայություն կրելու ու յուրաքանչյուրի համար այդքան կարևոր՝ սեփական բնակարանն ունենալու նպատակները իրագործելու հարցում։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ այս ծրագիրը ներկայացվում է նաև որպես երիտասարդներին սպայի ճանապարհն ընտրելու դրդապատճառ։ Չհերքելով այս ծրագրի արտոնյալ բաղադրիչը, կարծում եմ, որ այն սպաների հիմնական խնդիրները չի լուծելու։

Երկրորդ, այս ծրագրում չկան չափորոշիչներ, որոնք տարբերակում կմտցնեն օրինակ՝ առաջին կարգի զորամասում ծառայող և մարտական հերթապահություն իրականացնող սպայի ու երրորդ կարգի զորամասի շտաբում ծառայող սպաների միջև։ Խնդիրն այն չէ, որ տեսականորեն, մարտական հերթապահություն կրող սպան մի օր կարող է նաև թիկունքային զորամասի շտաբում ծառայություն կրել, խնդիրը ըստ ծառայության վայրի, տարիների դասակարգում իրականացնելն է։

Պայմանական ասած, կարելի է ճկուն համակարգ ներդնել, որի պայմաններում օրինակ՝ 10 և ավել տարիներ մարտական հերթապահության ստորաբաժանումում ծառայած սպաների դեպքում Կառավարությունը ոչ թե 10 տոկոս կանխավճարը սուբսիդավորի, այլ 50 տոկոսը։ Ակնհայտ է, որ Կառավարության մասնակցությունը սպաների բնակարանային ձեռքբերումների գործում չափազանց համեստ է և դա պետք է կտրուկ վերանայման ենթարկել։

Մարտական հերթապահություն կրող անձնակազմի համար օրինակ՝ ճկուն համակարգ գործում է մարտական հերթապահության համար տրվող գումարների մասով, որը հաշվարկվում է սպայի առաջին, երկրորդ, երրորդ խրամատում ծառայություն կրելու տրամաբանությունից։ Իհարկե, այնտեղ էլ շտկման ենթակա հարցեր կան, սակայն փաստ է, որ ճկունության գործոնը որպես աշխատող մեխանիզմ գործում է։

Առաջին արձագանքը, որը կարող է ունենալ Կառավարությունը և որը կարելի է ակնկալել այն է, որ Կառավարությունը նման գումարներ չունի և այլն, հակառակ դեպքում այդպես կիրականացներ։

Ես էլ պնդում եմ, որ ինչպես ցանկացած ընտանիքի, այնպես էլ սպաների համար, ովքեր շատ դեպքերում իրենց հիմնական հաշվառման վայրերից 300-400 կմ հեռու են բնակվում, իսկ նրանց ընտանիքները տարբեր կենցաղային (և ոչ միայն) հարցերում ընթացիկ դժվարություններ են ունենում, Կառավարությունը պարտավոր է նրանց համար լրացուցիչ գումարներ հայթայթել։

Ինձ համար տեսանելի են ուղղություններ, որտեղ չարժեր այդքան գումարներ ներդնել և արժեր այն ուղղել օրինակ՝ սպաների բնակարաններով ապահովման մատչելի ծրագրերն առավել մատչելի դարձնելու համար։ Դա վերաբերում է ռազմական բյուջեում նախատեսված ծախսերին, այնպես էլ Հայաստանի պետական բյուջեում նախատեսված տարբեր ծրագրերին և հոդվածներին։

Կոնկրետ ուղղություն չեմ նշում, որպեսզի թեման չշեղեմ այլ ուղղությամբ և լրացուցիչ շահարկման թեմա չդարձնեմ։

Եթե համեմատության մեջ դնենք միջին վիճակագրական երիտասարդին, ով քաղաքացիական կյանքով է ապրում, բնակության վարը Երևանն է կամ նրա մերձակայքը, ապա մայրաքաղաքին մոտ գտնվելով՝ նա առավել շահեկան և մեկնարկային առումով ավելի արտոնյալ պայմաններում է, քան օրինակ՝ այն սպան, ով ծառայություն է կրում Մատաղիսի կամ Եղնիկների զորամասում, և պետությունը նրա բնակարան ձեռքբերելու պայմաններում 10 տոկոս կանխավճարն է վճարում կամ տոկոսադրույքների 4 տոկոսը փոխհատուցում։

Ի դեպ, Արցախում արդեն երկար տարիներ է՝ բնակարան ձեռք բերելու այնպիսի ծրագրեր են գործում, որի պայմաններում քաղաքացիական անձանց համար շատ դեպքերում ավելի ձեռնտու է բնակարանի ձեռքբերումը, քան սպաների համար նախատեսված ծրագրով։

Օրինակ՝ Ստեփանակերտ և Շուշի քաղաքներից բացի ցանկացած բնակավայրում առանձնատուն կառուցելու դեպքում պետությունը մինչև վերջերս 3 մլն դրամ գումար էր հատկացնում, իսկ այս տարվանից՝ 5 մլն դրամ, ընդորում՝ անվերադարձ։

Եթե հաշվի առնենք, որ սպաների բնակարան ձեռք բերելու և պետության աջակցությունը ստանալու համար նաև շեմ է նախատեսված՝ 28,5 մլն դրամ, ապա ստացվում է, որ Կառավարության առավելագույն մասնակցությունը 2 մլն 850 հզր դրամ է։ Այսինքն՝ Ստեփանակերտից ու Շուշիից դուրս տուն կառուցողի համար Արցախի կառավարությունը վաղուց ավելի լավ պայմաններ ենթադրող ծրագրեր ունի։

Սակայն վերադառնալով Հայաստանին, պետք է նշել, որ ցանկացած կառավարության համար պետք է առաջնային լինի սպաների բնակարաններով ապահովելու, անհրաժեշտ պայմաններով ապահովելու հարցը, որովհետև երկրին նման ծառայություն մատուցած մարդիկ զինվորական կենսաթոշակի անցնելուց հետո էլ անհրաժեշտ են մեր երկրին՝ և՛ որպես տեսակ, և՛ էլ չեմ ասում՝ պահեստազորում գտնվող սպաներ, որոնք անհրաժեշտ պահին կրկին կարող են համալրել զինված ուժերի շարքերը։

Երկրորդ՝ մեկ այլ մեծ խնդիր այս ծրագրում այն է, որ Կառավարությունը լուծում չի առաջարկում այն սպաների համար, որոնք օրինակ՝ 10-15 տարի է արդեն ծառայում են Զինված ուժերի կազմում, սակայն 20 տարի ժամկետով վարկ վերցնելն արդեն նրանց համար խնդիր է, որովհետև 5-10 տարի հետո նրանց զինվորական թոշակի անցնելու ժամանակահատվածն է, իսկ դրանից հետո երաշխավորված քաղաքացիական աշխատանք ունենալու խնդիր կա։ Հիմա այս կատերգորիայի մեջ մտնող սպաները, որոնք բնակարանի խնդիր ունեն, բնական է, որ խուսափելու են ծրագրին մասնակցելուց։

Մյուս խնդիրը վերաբերում է պահեստազորի սպաներին, որոնց 20 և ավելի տարիների ծառայության դիմաց սերտիֆիկատներ տվեցին 4,5-5 մլն դրամի չափով, որով այդ մարդիկ ո՛չ բնակարանի խնդիր կարող են լուծել, ո՛չ էլ զինվորական թոշակառուի կարգավիճակում գտնվելով հիփոթեքային ծրագրից օգտվել։

Սպաների և նրանց ընտանիքներին վերաբերող հարցերը պետք է լինեն Կառավարության հոգածության առանցքում և այս տեսանկյունից, այս ու մի շարք այլ ծրագրերում, Կառավարությունը պետք է կտրուկ վերանայումներ իրականացնի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում