Կրթության մահարարը

Կրթության մահարարը

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Օր օրի սաստկանում է դժգոհությունը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ու կրթության ոլորտի պատասխանատուների գործողություններից։ Արայիկ Հարությունյանն ընտրել է ինքնապաշտպանության «ստուգված» և դեռևս «աշխատող» մեթոդը։ Նա ամեն կերպ փորձում է իրենից դժգոհող բազմաթիվ քաղաքացիների որակել որպես մարգինալ, զուտ սեփական շահերի հետևից ընկած խումբ, մեղադրում նրանց «նախկին» լինելու մեջ ու նույնիսկ ավելի հեռուն գնում՝ կոչելով իր ընդդիմախոսներին «խավարամիտների բանակ»։

Նախարարն, կարծես, չի էլ փորձում վերլուծել՝ արդյո՞ք դժգոհությունները չունեն օբյեկտիվ պատճառներ։ Կամ գուցե վերլուծել և հասկացել է։

Եկեք հասկանանք միասին՝ ինչից են դժգոհում բարձրագույն կրթության ոլորտը ներկայացնող մարդիկ։

Ներկա պաշտոնյաները տարիներ շարունակ պնդել են, որ կրթությունն ունի խորը բարեփոխումների կարիք։ Դրա հետ վիճելը ինչպես առաջ, այնպես էլ՝ հիմա, անհնար է։ Բայց «բարեփոխումները» դարձան միմյանց հաջորդող հարվածներ կրթական համակարգին, որոնց արդյունքները հաղթահարելը տարիների տքնաջան աշխատանք է ենթադրում։

Երևի բոլորդ հիշում եք «հեղափոխությունը պիտի մտնի բուհեր» արտահայտությունը, որը շատերի կողմից թերահավատորեն էր ընդունվում։ Այնինչ, հեղափոխությունն, իրոք, մտավ բուհեր։ Հայաստանի գրեթե բոլոր մեծ համալսարաններում առաջացավ կառավարման ճգնաժամ։ Ամեն «հնի» դեմ կատաղի պայքարի արդյունքում ՀՊՏՀ ռեկտորը հրաժարական տվեց, հետո նշանակվեց ռեկտորի ժպ, հետո ժպ կրկին փոխարինվեց, հետո անցկացվեց ռեկտորի ընտրություններ, որի արդյունքները վիճարկվում են ռեկտորի նախկին պաշտոնակատարի կողմից՝ դատական կարգով, և դժվար է ասել՝ թնջուկը ե՞րբ և ինչպե՞ս կհանգուցալուծվի։

Մայր բուհում իրավիճակը ավելի հախուռն ստացվեց։ Սկզբում մի շարք «հեղափոխականներ» գրավեցին ԵՊՀ գիտական խորհրդի դահլիճը և սկսեցին իրականացնել բողոքի ակցիա՝ հիմքում դնելով 4 պահանջներ։ Բողոքողներից շատերն առաջին հերթին դժգոհ էին բուհի քաղաքականացվածությունից կամ՝ այլ կերպ ասած, ակադեմիական ազատության բացակայությունից և պահանջում ռեկտորի հրաժարականը՝ մատնանշելով նրա կողմից իրականացված ենթադրյալ չարաշահումները, որոնց մասին խոսվեց ամենաբարձր հարթակներից, սակայն երկուսուկես տարվա ընթացքում այդպես էլ չապացուցվեց։

Այս խմբի գործունեությունը, եթե անգամ չէր համակարգվում իշխանությունների կողմից, ինչին դժվար է հավատալ, ապա առնվազն իրականացվում էր կառավարության ներկայացուցիչների ամենաուղիղ մասնակցությամբ՝ ինչը հստակ է։ Հետո իշխանությունները հրաժարվեցին նշել մայր բուհի 100-ամյա հոբելյանը մինչև ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական չտա։ Հետո տեղի տալով 100-ամյակի չհիշատակվելու վտանգին՝ Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց, բայց հարյուրամյակը, մինևնույն է, հավուր պատշաճի չնշվեց։ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց նախկին պրոռեկտորը, ով 10 տարի շարունակ զբաղեցրել էր այդ պաշտոնը։ Արդյունքում ԵՊՀ-ն արդեն 1 տարուց ավելի է չունի ընտրված կառավարիչ, և բուհում շարունակվում է առճակատումը իշխանության դրածոների ու բոլոր նրանց միջև, ովքեր չեն կիսում նրանց մոտեցումները՝ համալսարանական ստորաբաժանումների լուծարման, համալսարանականների սևուսպիտակի բաժանման, ուսանողների կարծիքի անտեսման հարցում։ Համալսարանը երբեք այսպիսի կրկեսային ներկայացումներ չէր տեսել և հուսանք՝ չի տեսնի։

Նախարարության քայլերի հանգուցալուծումը կառավարության կողմից ներկայացված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծն էր, որը տարակուսանք առաջացրեց ակադեմիական շրջանակներում ոչ միայն իր «հակահայկական բնույթով» (ինչպես նշում են ընդդիմախոսները), այլև բուհերին ակադեմիական ինքնավարությունից զրկելու, ուսանողական ինքնակառավարման մարմիններին անտեսելու ընդգծված միտումով։

Այսպիսով, հեղափոխությունն իր ամենաքանդ մուրճով, իրոք, մտել է բուհեր ու մոտ է դրանք վերջնականապես քանդելուն։

Էդուարդ ԳԱԼՍՏՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում