Հայաստանում ներդրվում է ճանապարհային վճարների նախագիծ․ ՏԿԵ փոխնախարար

Հայաստանում ներդրվում է ճանապարհային վճարների նախագիծ․ ՏԿԵ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Մենք ուսումնասիրել ենք տարբեր պետություններում սահմանված վճարների չափերը, ինչպես նաև որոշակի հաշվարկներ ենք արել մեր մեքենաների, ճանապարհների վիճակը, այլ պարամետրերը և եկել ենք այն եզրահանգման, որ միջինացված օպտիմալ գինը 50 դրամն է»,- հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ ներկայացնելով ճանապարհային վճարների նոր նախագիծը: Փաստաթղթով սահմանվող այդ գումարը վերաբերում է 12 տոննա և ավել բեռնատարողունակություն ունեցող մեքենաներին:

Փոխնախարարը նշեց, որ փոփոխությունը բխում է ԵՄ-ի հետ կնքված Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի դրույթներից: Նրա խոսքով, քննարկումների ժամանակ եկել են այն համոզման, որ այն պետք է արվի աստիճանաբար և բոլոր մեքենաների համար միանգամից վճար սահմանելը նպատակահարմար չէ:

ՏԿԵ նախարարության մյուս նախագծով միջպետական ուղևորներ և բեռներ տեղափոխող կազմակերպությունները պետք է համապատասխանեն որոշակի միջազգային պահանջների, որը կրկին սահմանված է ոչ միայն ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված համագործակցության հաձայնագրով, այլև՝ Որակի խարտիայով: Արմեն Սիմոնյանի խոսքով, այդ կազմակերպությունները պետք է ունենան ֆինանսական կայունություն և բարի համբավ: Կարգավորումների համաձայն՝ բեռնափոխադրմամբ զբաղվող վարորդները կանցնեն որակավորման դասընթացներ, որոնք ավարտվում են թեստավորմամբ: Թեստավորումը հաջող անցնելու դեպքում, ըստ փոխնախարարի, վարորդները կստանան միջազգային որակավորման վկայական և հաջորդող 5 տարին մեկ կանցնեն մասնագիտական դասընթացներ, որը կարձանագրվի նրանց միջազգային նշանակության ՄՈԲ վկայականներում:

Արմեն Սիմոնյանը նաև տեղեկացրեց, որ նախարարության մեկ այլ օրենսդրական նախագծով սահմանվելու է օգտահանման (ուտիլիզացիայի) վճար, որը թույլ կտա նոր ներմուծվող մեքենաներից գանձվող օգտահանման վճարը փոխանցել պետական բյուջե և հետագայում այն օգտագործել այն կազմակերպություններին ֆինանսավորելու համար, որոնք կզբաղվեն մեքենաների ուտիլիզացիայով: Ըստ փոխնախարարի, այն թույլ կտա որոշակիորեն թարմացնել մեքենաների պարկը:

Փոխնախարարը հայտնեց, որ կանոնակարգվում է նաև մեքենաների տեխզննման գործընթացը, որով սահմանվելու է, որ նոր մեքենաները 4 տարուց հետո միայն երկու տարին մեկ պետք է անցնեն տեխնիկական զննություն, իսկ 10 տարի հետո՝ ամեն տարի: Սիմոնյանի խոսքով մշակվելու է էլեկտրոնային համակարգ, որը թույլ կտա ազատվել տեխզննման կտրոնից, որ շատ դեպքերում ձևական բնույթ է կրում: Ըստ նրա, այս դեպքում պարտադիր է լինելու տեխնիկական զննության կայան այցելելը և զննում անցնելը, իսկ այդ գործընթացին առցանց հետևելու է լիազոր մարմինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում