«Թուրքիայի հետ համագործակցությունը չի ազդում և չի ազդի Կիպրոսի հետ երկխոսության վրա». Լավրով

«Թուրքիայի հետ համագործակցությունը չի ազդում և չի ազդի Կիպրոսի հետ երկխոսության վրա». Լավրով

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amՌուս-թուրքական համագործակցության խորացումը չի ազդում և չի ազդի Մոսկվայի և Նիկոսիայի միջև երկխոսության վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Թուրքիայի հետ մեր հարաբերությունների առնչությամբ կցանկանայի ևս մեկ անգամ վստահեցնել կիպրոսցի բարեկամներին, որ ռուս-թուրքական համագործակցության խորացումը, տարածաշրջանային հարցերով Անկարայի հետ համագործակցության անհրաժեշտությունը ոչ մի կերպ չեն ազդում և չեն ազդի Մոսկվայի և Նիկոսիայի միջև երկխոսության վրա»,– ասել է Լավրովը հույն-կիպրական «Ֆիլելեֆտերոս» պարբերականին տված հարցազրույցում:

Ըստ ռուսական կողմի՝ «տարածաշրջանում իրավիճակի հետագա ապակայունացումը կանխելու քաղաքական կամք կա ինչպես Նիկոսիայում, այնպես էլ Անկարայում»:

«Բացի այդ, կա վիճահարույց հարցերի արդյունավետ լուծման ունիվերսալ հարթակ՝ ՄԱԿ-ը: Մենք պատրաստ ենք աջակցել Կիպրոսի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն, բայց, իհարկե, միայն այն դեպքում, եթե երկու կողմերն էլ շահագրգռված կերպով դիմեն մեզ այդ հարցով», – ավելացրել է Լավրովը:

Թուրքիայի և Կիպրոսի առանց այն էլ լարված հարաբերությունները սրվել են Անկարայի կողմից Կիպրոսի ծովային տարածքում հորատման աշխատանքներ սկսելուց հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում