Արսեն Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվեց

Արսեն Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվեց

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.amԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի Արսեն Բաբայանի գործով դատական նիստին պաշտպան Երվանդ Վարոսյանը միջնորդություն ներկայացրեց Արսեն Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ: Նա հայտարարեց, որ իր պաշտպանյալի կողմից ցուցաբերած վարքագիծն ինքնին արդեն խոսուն վկայություն է այն բանի, որ նրա նկատմամբ որևէ խափանման միջոց ընտրելու անհրաժեշտություն չկա:

«Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ եղել է երաշախավոր, դրամական միջոցներ են վճարվել և դրանք, իմ խորին համոզմամբ, անիմաստ գտնվում են դատական դեպարտամենտի հաշվին։ Եթե անգամ ես համոզված չլինել, որ սույն գործով այս մեղադրանքով ինչ ելք է կանխատեսելի, ապա այդ պարագայում կնշեի, որ միայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2018 թվականի հոկտեմբերին համաներման մասին որոշում է կայացրել ԱԺ-ն, պարզ է, որ բացարձակապես անիմաստ է որևէ խափանման միջոցի կիրառումը այս գործով ամբաստանյալների նկատմամբ։

Քննության խոչընդոտելու մասին առհասարակ չեմ ուզում խոսել, թաքնվելու մտադրություն էլ նրանցից ոչ ոք չունի և ունենալ էլ չի կարող։ Ցանկացած սահմանափակում հատկապես այս գործով առաջացնում է մարդու իրավունքների խախտում և ընտրված խափանման միջոցն այս պահի դրությամբ առնվազն հիմնավոր չէ, անիմաստ է, խնդրում եմ Արսեն Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին որոշում կայացրեք»,- ասաց պաշտպանը։

Բաբայանի մյուս պաշտպան Լուսինե Սահակյանը, Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանը միացան ներկայացված միջնորդությանը։

«Մենք հույս ունենք, որ կլինի օրինական դատական ակտ»,- ասաց Լ. Սահակյանը։

Գործով մեղադրող դատախազն առարկեց պաշտպանների ներկայացրած միջնորդության դեմ. «Արսեն Բաբայանի նկատմամբ անձնական երաշխավորությունը տրվել է այն ժամանակ, երբ նրա նկատմամբ խափանման միջոց է եղել կալանավորումը և մեր կողմից որոշում է կայացվել կալանավորումը փոփոխելու և անձնական երաշխավորություն կիրառել։ Այսինքն՝ այդ փուլում գնահատվել է, որ խափանման միջոց կիրառելու հիմքերն առկա են և այդ խափանման միջոցը կարող է բավարար երաշխիք հանդիսանալ պատշաճ վարքագիծն ապահովելու համար: Գտնում եմ, որ դատաքննության ներկա փուլում դեռևս չեն վերացել այդ հիմքերը, այս փուլում Բաբայանի նկատմամբ խափանման միջոց վերացնելը գտնում եմ՝ անհիմն է, միջնորդությունը ենթակա է մերժման»։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

Լրագրողների հետ զրույցում Արսեն Բաբայանն ասաց. «Դատախազությունն ասաց, թե այն ժամանակ կար ներկայացված հիմքեր, հիմա էլ կան այդ հիմքերը։ Սա տրամաբանության մեջ չի տեղավորվում, որովհետև և մեղադրանքն է փոխվել, և այսքան ժամանակ է անցել, երկար ժամանակ ազատության մեջ եմ։ Այս գործը, հաշվի առնելով մասնավորապես ՍԴ-ի վերջին իրադարձությունները, ընդհանրապես չպետք է այլևս շարունակվի և դատախազությունը երևի թե պետք է իր մեջ ուժ գտնի, Նիկոլ Փաշինյանից թույլտվություն ստանալ, որպեսզի հրաժարվի այս մեղադրանքից ամբողջությամբ: ՍԴ-ի, սահմանադրության փոփոխություններով իրենց խնդիրները, ցանկություններն արդեն բավարարվել է և կամաց-կամաց ժամանակն է հրաժարվելու այդ ամբողջ պրոցեսի պոչերից: Սա և պետության վրա նստող ծախս է, և ինձ տված վնասներն են, որոնք հետագայում պետք է հատուցվեն, 2 ամիսը մեկ հենց այնպես այս թատրոնին մասնակցելը: Տեսնենք, թե ինչ որոշում կկյացանի դատարանը»։

news.am-ը գրում է, որ խորհրդակացական սենյակից վերադառնալով՝ նախագահող դատավոր Հարություն Մանուկյանը հայտարարեց, որ դատարանը բավարարել է Արսեն Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը։

Հիշեցնենք՝ ըստ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքի, նա 2018թ․ մարտի 5-ին համատեղության կարգով հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարը, օժանդակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին և այլ պաշտոնակատար անձանց՝ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում