Էլինար Վարդանյան. Ապշեցնող պարզունակություն

Էլինար Վարդանյան. Ապշեցնող պարզունակություն

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանն իր հոդվածում անդրադարձել է գույքահարկի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը.

«Գույքահարկի բարդ ու խիստ վիճահարույց խնդիրը վարչապետ Փաշինյանը այսպես ներկայացրեց իր հանդիպումներից մեկում.

«Ոչ մի բան չի լինի, եթե ձեզնից յուրաքանչյուրը 2 տուփ ծխախոտ պակաս ծխի, էդ 2 տուփ ծխախոտի փողը վճարի բյուջե։ Մի շիշ օղի պակաս խմի, էլ չեմ ասում՝ երկու շիշ, էդ փողը վճարի բյուջե»։

Նոր օրենքը սկսելու է գործել հունվարի 1-ից, թեև այսօր շատերի համար դեռևս տեսանելի չեն գույքահարկի օրենքի փոփոխությունների հետևանքները, որովհետև գույքահարկի վերջնական բեռը կզգան մի քանի տարի անց, երբ օրենքը գործի ամբողջ ծավալով։

Ամիսներ առաջ հնչել են շատ լուրջ հակափաստարկներ այդ օրենքի վերաբերյալ՝ լուրջ մարդկանց, լուրջ մասնագետների, բայց վարչապետ Փաշինյանը դրանցից ոչ մի հետևություն չի արել և խնդրի ընկալումը ցավոք, մնացել է մի շիշ օղու խորության վրա։

Այդ պատճառով մեկ անգամ ևս փորձենք հիշեցնել առավել կարևոր հակափաստարկները, որոնք առնչվելու են բնակչության զգալի հատվածին.
1. Շատ մեծ թվով ընտանիքներ, որոնք մինչ այս պահը չեն մուծել գույքահարկ, հիմա պարտավորված են լինելու դա անել. սա նոր իրողություն է, որի հետևանքներն ամենևին պարզ չեն։
2. Ֆինանսական մեծ բեռ է առաջանալու այն մարդկանց համար, ովքեր ունեն արժեքավոր գույք։ Ֆինանսական մեծ միջոցներ ունեցողների համար դա հիմա խնդիր չէ, և չի էլ լինելու։ Սակայն շատերը անշարժ գույք ձեռք են բերել տասնհինգ-քսան տարի առաջ, երբ գույքի շուկայական արժեքը անհամեմատ ցածր էր, ոմանք ստացել են որպես ժառանգություն, երրորդներին գույքը բաժին է հասել Խորհրդային Միության շրջանից։ Այսօր այդ մարդկանցից շատերի եկամուտը բավականին ցածր է (գիտնականներ, դասախոսներ, բժիշկներ, ուսուցիչներ, մշակույթի գործիչներ)։ Այս մարդկանց գույքահարկի ծանր բեռը ծխախոտի և մեկ շիշ օղու հետ համեմատելը ազնիվ չէ։

3. Գույքահարկի բարձրացումը բարդ իրավիճակ է ստեղծելու այն սոցիալական շերտի վրա, որոնք բնակարան ձեռք են բերել հիփոթեքային վարկավորմամբ՝ առաջնորդվելով պետության հետ հարաբերությունների՝ բոլորովին կարգավորումներով։ Խոսքը հիմնականում միջին խավի մասին է, որոնք իրենց թույլ են տվել՝ ձեռք բերել բնակարաններ քաղաքի՝ իրենց նախընտրած՝ նաև այսպես կոչված թանկ վայրերում։ Երբ գույքահարկի մասին օրենքի փոփոխությունները կսկսեն գործել ողջ ծավալով, այդ մարդկանց համար լրացուցիչ խնդիրներ են առաջ գալու։ Վարկային պարտավորություն ունեցողի համար յուրաքանչյուր չնախատեսված ծախսը սարսափելի ծանր բեռ է։

4. Գույքահարկի բարձրացումն իր ազդեցությունն է ունենալու ծառայությունների ոլորտի վրա՝ ռեստորաններ, սրճարաններ, խանութներ, փոքր հյուրանոցներ, վարսավիրանոցներ և այլն, որոնք վարձակալում են իրենց տարածքները։ Գույքահարկի գանձումը ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո այն կանդրադառնա ծառայությունների գների, այդ թվում՝ տների և տարածքների վարձակալության և տնտեսության այլ ոլորտների, արտադրական շենք-շինությունների վրա։

5. Եվ ի վերջո այդքան պարզունակ չի լինելու ազդեցությունը անշարժ գույքի շուկայի վրա, երկրում և արտադրական ոլորտում ներդրումների վրա։ Մեր անշարժ գույքի շուկան արդեն իսկ օտարերկրյա քաղաքացիներին չի հրապուրում։ Միայն հուլիսին օտարերկրյա քաղաքացիների կողմից գրեթե կրկնակի ավել գույք է վաճառվել, քան ձեռք է բերվել։ Արդեն իսկ կարելի է կանխատեսել, թե գույքահարկի ամբողջ ծավալով գանձման դեպքում ինչպես է անդրադառնալու շուկայի վրա։

Հետևանքներն ավելի ծանր են լինելու, քան պատկերացնում ենք։ Պարզապես առայժմ ժամանակ ենք շահում գույքահարկի վերջնական բարձր դրույքաչափերին անցումը մի քանի տարիների սանդղակով իրականացնելու միջոցով։ Գույքահարկի վերջնական բեռը և դրա հետևանքները տեսանելի կլինեն մի քանի տարի անց»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում