Բելառուսի իշխանությունները ճգնաժամից դուրս գալու ծրագիր ունեն. Լուկաշենկոն մնում է

Բելառուսի իշխանությունները ճգնաժամից դուրս գալու ծրագիր ունեն. Լուկաշենկոն մնում է

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amՍահմանադրական բարեփոխումները Բելառուսում կարող են իրականացվել մինչ 2022 թվականը: Սա ներառում է քաղաքական ճգնաժամը հաղթահարելու Բելառուսի իշխանությունների ծրագիրը, որը ներկայացվել է սեպտեմբերի 8-ին՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում, գրում է eadaily.com կայքը:

Ըստ մի շարք լրատվամիջոցների տեղեկությունների՝ սահմանադրական բարեփոխումները, որի մասին ավելի վաղ նշել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հանրապետությունում կիրականացվեն մինչև 2022 թվականը:

Բելառուսի իշխանությունների կարծիքով՝ դա նոր ընտրություններ անցկացնելու միակ միջոցն է մինչ գործող նախագահի հնգամյա ժամկետի ավարտը: Միևնույն ժամանակ, պաշտոնական Մինսկը չի նախատեսում որևէ բանակցություն վարել ընդդիմության հետ, «քանի որ սա ենթադրում է երկխոսություն իշխանության փոխանցման վերաբերյալ»: Նույն պատճառով Բելառուսի իշխանությունները մերժել են միջնորդության բոլոր առաջարկները:

Իրազեկ աղբյուրները նշում են, որ նոր սահմանադրությունը կազատականացնի քաղաքական համակարգը, կթուլացնի նախագահական իշխանությունը և կամրապնդի խորհրդարանի դերը: Նախատեսվում է նաև բարձրացնել կուսակցությունների դերը և մեծ փոփոխություններ կատարել ընտրական օրենսդրությունում: Միևնույն ժամանակ, բոլոր փոփոխությունները պետք է ընդունվեն հանրաքվեի արդյունքում, իսկ սահմանադրական բարեփոխումներն տեղի կունենան ազգային երկխոսության ձևաչափով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում