Հարցաքննվել է Միքայել Մինասյանի հայտարարագիրը լրացնող անձը. Միքայել Մինասյան (տեսանյութ)

Հարցաքննվել է Միքայել Մինասյանի հայտարարագիրը լրացնող անձը. Միքայել Մինասյան  (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը քննելու համար արդեն երրորդ դատավորն է ներգրավված: Միջնորդության քննությունը նախ մակագրվել էր դատավոր Մարինե Մելքոնյանին, ապա դատախազությունը հետ էր վերցրել այն։ Հետո միջնորդությունը կրկին մուտք էր արվել դատախազության կողմից և մակագրվել դատավոր Արմինե Մելիքսեթյանին, ում կողմից նշանակված նիստը չի կայացել և հայտնի է դարձել, որ միջնորդությունը հիմա էլ վերամակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին։

Այս գործողությունների շուրջ Tert.am-ը զրուցել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի պաշտպաններից Միհրան Պողոսյանի հետ:

Ըստ պաշտպանի՝ իշխանության նպատակը Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում ստանալն է. «Այս քաոսն առաջացել է այն պատճառով, որ նախաքննող մարմնի, դատախազության, իշխող քաղաքական ուժի միակ նպատակը ոչ թե որևէ քրեական գործով և առավել ևս այս քրեական գործով օբյեկտիվ նախաքննություն իրականացնելն է, կամ հանգամանքների ի հայտ բերումն ու պարզումը, այլ վերջիվերջո ստանալ Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը՝ հանրությանը ինչ-ինչ խնդիրներից շեղելու, իշխանության գործողությունների ձեռքբերում ներկայացնելու և այլ նպատակներով օգտագործելու համար»:

Միհրան Պողոսյանի խոսքով՝ այս քրեական գործն օրինականության հետ որևէ առնչություն չունի:

Նրա պնդմամբ՝ իրենք ի սկզբանե հայտնել են, որ գործող իշխանությունը քաղաքական հակառակոդների դեմ օգտագործում է քրեական գործիքներ:

«Գաղտնիք չէ, որ Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը պետք է քննվի չորրորդ անգամ, երրորդ միջնորդությունն է ներկայացվում ու ամեն անգամ դատարաններն արձանագրել են, որ քննչական ու դատախազական մարմինները, այդ թվում նաև դատարանները թույլ են տալիս օրենքի խախտումներ: Այս պարագայում, դատավոր Մելիքսեթյանը, երևի ամբողջությամբ կառավարելի և ընդունելի դատավոր չէր իշխանության համար, ով գրության հիման վրա միջնորդության քննությունը հանձնել էր դատարանի նախագահին՝ վերամակագրման: Կարծում եմ՝ այստեղ պետք է հարգանքի խոսքեր ասել նրան, որը անկհայտ ապօրինի որոշման կայացման չգնաց, սակայն նա վերջիվերջո որպես դատավոր չէր գործել,որովհետև իրական դատավորը պետք է քննարկեր միջնորդությունը և կայացներ օբյեկտիվ որոշում»:

Հարցին, թե նախորդ զրույցներում պաշտպանները հայտնում էին, որ կա անձ, ում հետ կնքված և վճարված պայմանագրի արդյունքում Միքայել Մինասյանը հանձնարարել է իր հայտարարագիրը լրացնել, սակայն նախաքննող մարմինը չի հարցաքննում, արդյոք հարցաքննվել է այդ անձն այս ընթացքում, Միհրան Պողոսյանն ասաց՝ այո:

«Այդ անձը հարցաքննվել է, այդ մասին ներկայացվեց դատարանին, ինչով մեր ասած պնդումները հիմնավորվեցին, որ այո, տեխնիկական սխալ է տեղի ունեցել, այստեղ խոսք լինել չի կարող ապօրինի հարստացման մասին, մինչդեռ վարույթն իրականացնող մարմինն այստեղ քար լռություն է պահպանում և ընդհանուր գնահատական չի տալիս այս դրվագով գործողություններին, այսինքն՝ իրենք պնդում են, որ իրենց վարկածը կարող է իրականության հետ աղերս ունենալ, սակայն ապացույցներն այլ բանի մասին են խոսում, որ դա տեխնիկական վրիպում է եղել»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում