Նավալնիի գիտակցությունը տեղն է, ամեն ինչ հիշում է և խոսում. գերմանական լրատվամիջոցներ

Նավալնիի գիտակցությունը տեղն է, ամեն ինչ հիշում է և խոսում. գերմանական լրատվամիջոցներ

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amՌուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը բուժվում է Բեռլինի «Շարիտե» կլինիկայում, արդեն կարող է խոսել և հիշում է մինչ գիտակցությունը կորցնելը կատարվածի մանրամասները: Այս մասին գրում է eadaily.com կայքը` հղում տալով գերմանական Spiegel պարբերականին:

Պարբերականը հայտնում է, որ Նավալնիին հսկող ոստիկանության աշխատակիցների թիվը կլինիկայում ավելացվել է, ինչը պայմանավորված է նրա նկատմամբ նոր հարձակման սպառնալիքով:

«Insider» պարբերականի աղբյուրների համաձայն՝ Նավալնին ամբողջովին ուշքի է եկել այն բանից հետո, երբ նրան դուրս են բերել բժշկական կոմայից: Նրան հաջողվել է հիշել թունավորմանը նախորդած իրադարձությունները, ընդհուպ մինչ ինքնաթիռում ցավից ուշաթափվելը: Նշվում է, որ ուժեղացվել է կլինիկայի անվտանգությունը: Եթե ավելի վաղ Նավալնիին այցելել թույլ էին տալիս միայն բժիշկներին և նրա կնոջը, ապա այժմ այցելուներ էլ կարող են գալ, սակայն պետք է անցնեն անվտանգության 3 փուլով:

Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել են շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց: Հիվանդանոցի մասնագետները Նավալնիի օրգանիզմում թույնի հետքեր չէին հայտնաբերել: Ըստ նրանց՝ հետազոտությունները միայն ալկոհոլի և կոֆեինի հետքեր են ցույց տվել: Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում:

Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում