ԶԼՄ-ների համար Պարետը կանոններ չի սահմանել. ՄԻՊ-ի արտահերթ զեկույցը

ԶԼՄ-ների համար Պարետը կանոններ չի սահմանել. ՄԻՊ-ի արտահերթ զեկույցը

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.amՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը արտահերթ զեկույց է հրապարակել եթերի ժամանակ տաղավարում նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի պայմաններում դիմակ կրելու պարտադիր պահանջի վերաբերյալ: ՄԻ պաշտպանն արձանագրել է, որ եթերի ժամանակ դիմակ կրելուն վերաբերող կարգավորումների ուսումնասիրությունը Մարդու իրավունքների պաշտպանին թույլ է տալիս եզրահանգել, որ օրենսդրական տեխնիկայի տեսանկյունից սահմանված են բարդ կամ հստակության բավարար աստիճան չունեցող ձևակերպումներ, որոնք լրագրողական մասնագիտական հանրության շրջանում կարող էին առաջացնել և առաջացրել են անորոշություններ:

ՄԻՊ-ն արձանագրել է, որ լրատվական գործունեություն իրականացնողների ու լրագրողների համար մասնագիտական աշխատանքի հատուկ կանոններ Պարետի կամ որևէ այլ մարմնի կողմից սահմանված չեն:Այսինքն՝ ստացվում է, որ մեր երկրում գործող կարգավորումների պայմաններում լրատվական գործունեություն իրականացնողը կամ լրագրողն իր աշխատանքային պարտականությունները կատարելիս ստիպված է առաջնորդվել միայն ընդհանուր բնույթի կամ գործունեության այլ տեսակների, ոչ իր համար սահմանված կանոններով: Ասվածը վերաբերում է ինչպես տաղավարում դիմակ կրելու պարտադիր պահանջին, այնպես էլ մյուս կանոններին: Այդ կանոններն, իհարկե, հաշվի չեն առնում լրագրողական աշխատանքի առանձնահատկությունները: Այս ամենն էլ իր հերթին լրագրողական աշխատանքում ներգրավված անձանց ու կազմակերպություններին զրկում է կանխատեսելիությունից, ստեղծում է անորոշ վիճակ, հնարավորություն չի տալիս հստակ պատկերացում կազմելու իրենց վարքագծի իրավական հետևանքների մասին:

Ավելին, դիտարկումը վկայում է, որ որևէ պետական մարմին լրագրողների համար չի իրականացրել իրենց մասնագիտական աշխատանքին վերաբերող անհրաժեշտ իրազեկման աշխատանքներ:

Այս վիճակն անընդունելի է նաև այն առումով, որ անորոշ վիճակում են հայտնվում պետական այն մարմիններն ու պաշտոնատար անձինք (Ոստիկանություն, Տեսչական մարմին և այլն), որոնք պարտականություն ունեն ապահովելու համավարակի դեմ պայքարի նպատակով սահմանված պահանջների պատշաճ կիրառությունը կամ վերահսկողություն իրականացնելու դրանց նկատմամբ: Մասնավորապես, դիտարկումը վկայում է, որ նրանց համար առկա չէ հստակություն, թե ինչպես պետք է իրականացվի այս կամ այն կանոնի կիրառությունը, օրինակ, լրագրողների աշխատանքում:

ՄԻՊ-ի արտահերթ զեկույցում տեղ է գտել նաև «Արմնյուզ» և «5-րդ ալիք» ՀԸ-երի գրասենյակներ ոստիկանության այցերն ու տուգանումը՝ աշխատակիցների՝ եթերում դիմակ չկրելու համար:

ՄԻՊ-ն արձանագրել է, որ ոչ հստակ սահմանումն է պատճառը, որ այս լրատվական կազմակերպությունների հետ կապված՝ ՀՀ ոստիկանությունն արձանագրություններ է կազմել այն մասին, որ նրանք կատարել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՎԻՎՕ) 182.3‑րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված զանցանքներ: Ստացվում է՝ Ոստիկանությունը լրատվական գործունեություն իրականացնողներին տուգանել է ընդհանրապես ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման սահմանափակումները խախտելու համար, քանի որ ակնհայտորեն չի ունեցել այլ՝ լրագրողական աշխատանքին առնչվող իրավական հիմք: Ընդ որում, Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված պաշտոնական պարզաբանումներում Ոստիկանությունը նշել է, որ տուգանել է հենց լրագրողներին: Նույն բնույթի տեղեկությունները, ըստ էության, արձանագրվել են նաև հրապարակային տիրույթում: Այսինքն՝ հանրային ընկալումը եղել է այն մասին, որ տուգանվել են լրագրողներ: Մինչդեռ, իրականում տուգանվել են լրատվական կազմակերպությունները, սակայն խնդրահարույց, ընդհանրական ձևակերպում ունեցող իրավական նորմի կիրառումով:

Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ անթույլատրելի է լրատվական գործունեություն իրականացնողների կամ լրագրողական աշխատանքը զուտ տնտեսական տեսանկյունից դիտարկելը՝ առանց հաշվի առնելու այդ աշխատանքի առանձնահատկություններն ու հանրային նշանակությունը, լրագրողական գործունեության էությունը: Նման մոտեցումն առավել ևս անթույլատրելի է պատասխանատվություն կամ այլ տեսակի պետական ներգործություն ենթադրող իրավիճակներում:

ՄԻՊ-ն արձանագրել է, որ «Արմնյուզ» և «5-րդ ալիք» լրատվական կազմակերպությունների դեպքում փորձը ցույց է տալիս, որ հենց այդպես էլ Ոստիկանությունը վարվել է՝ չունենալով աշխատանքի այլ իրավական հիմք:

Ուստի, նոր տեսակի կորոնավիրուսային վարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում պետության քաղաքականությունը պետք է ուղղված լինի հատկապես լրագրողական աշխատանքից բխող և այդ գործունեությունն իրականացնող կազմակերպությունների ու անձանց հատուկ կարգավիճակն ընդգծող կարգավորումներ նախատեսելուն: Զեկույցում ասվում է, որ հատուկ կարգավորումների անհրաժեշտությունը բխում է նաև լրագրողական աշխատանքին հարգանքով վերաբերվելու, այդ աշխատանքի անխոչընդոտ իրականացումը երաշխավորելու հիմնարար գաղափարից:

Նման հատուկ կարգավորումների անհրաժեշտությունը նաև կարևոր է նկարահանման հրապարակներում, տաղավարներում, հեռուստաեթերների ընթացքում և առհասարակ լրագրողական գործունեություն իրականացնելիս դիմակ կրելու պարտադիր պահանջը լրատվական գործունեություն իրականացնողներին, լրագրողներին մատչելի ձևով ներկայացնելու համար: Ընդ որում, պետք է հաշվի առնել ոչ միայն դիմակ կրելու, այլ նաև վիրուսի կանխարգելման մյուս պահանջները:

ՄԻՊ-ը նշել է, որ տարբեր երկրներում մշակվել են COVID-19-ի պայմաններում հեռուստատեսության կամ այլ տեսակի լրատվական կազմակերպությունների աշխատանքին վերաբերող ուղեցույցներ, Հայաստանում՝ ոչ:

Արման Թաթոյանն արտահերթ զեկույցում անդրադարձել է նաև լրատվական գործունեություն իրականացնողների կամ լրագրողի նկատմամբ վարչական պատասխանատվության միջոց կիրառելու հստակ իրավական հիմքի բացակայությանը:

Նա հայտնում է, որ ցանկացած տեսակի իրավական, այդ թվում՝ վարչական պատասխանատվության հիմքն իրավախախտում, այսինքն՝ այնպիսի արարք կատարելն է, որը պարունակում է համապատասխան օրենքով նախատեսված իրավախախտման բոլոր հատկանիշները:

Այս համատեքստում Պաշտպանն արձանագրել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածը, որով նախատեսվում է պատասխանատվություն արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար, առկա չէ առանձին դրույթ, որը լրագրողի կամ լրատվական կազմակերպության նկատմամբ պատասխանատվություն է նախատեսում դիմակ չկրելու համար:

Զեկույցում ասվում է, որ ՎԻՎՕ-ի 182.3-րդ հոդվածի 1.1-րդ կետով դիմակ կրելն, ըստ էության, դիտարկվում է որպես արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժվելու պայման, պահանջ, որը կիրառելի չէ հեռուստաեթեր դուրս եկած լրագրողի կամ մեկնաբանի նկատմամբ: Ընդ որում, ՎԻՎՕ-ի այս հոդվածի ձևակերպումն ինքնին խնդրահարույց է, քանի որ դրա անորոշ ձևակերպումը թույլ է տալիս իրավախախտման օբյեկտիվ կողմի մեջ ներառել ամենատարբեր արարքներ՝ դրանով իրավակիրառողին, կոնկրետ դեպքում՝ Ոստիկանությանը տալով կիրառության ժամանակ մեկնաբանության չարդարացված լայն հայեցողություն:

Ինչ վերաբերում է ՎԻՎՕ-ի 182.3-րդ հոդվածի 2-րդ կետին, ապա այն պատասխանատվություն է սահմանում արտակարգ դրության ժամանակ առհասարակ ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման սահմանափակումները խախտելու համար: Այս առնչությամբ պետք է արձանագրել, որ «Արմնյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաալիքների նկատմամբ տուգանք կիրառելիս Ոստիկանությունը, փաստորեն, նրանց գործունեությունը դիտարկել է սովորական ֆինանսատնտեսական գործունեություն: Այսինքն, ստացվում է, որ իր գործունեությունից բխող աշխատանք կատարելիս լրագրողը և լրատվական գործունեություն իրականացնողների մյուս՝ այդ գործունեության հետ չկապված աշխատակիցների գործունեությունը դիտարկվել է միևնույն հարթության մեջ:

Նշված հոդվածների ձևակերպումները չունեն բավարար այնպիսի հստակություն, որ համապատասխան սուբյեկտները հնարավորություն ունենան իրենց վարքագիծը համապատասխանեցնել օրենքի պահանջներին և կանխատեսել օրենքի պահանջներին չհետևելու դեպքում հնարավոր բացասական իրավական հետևանքները:

Ուստի, այս դեպքում խնդրահարույց վիճակ է ստեղծվում այն առումով, որ առհասարակ, դիմակ կրելու պարտադիր պահանջը չպահպանելու համար նախատեսված պատասխանատվությունն օրենքով ամրագրված հստակ հիմք չունի: Այլ կերպ ասած, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը կամ որևէ այլ օրենք դիմակ չկրելու համար պատասխանատվություն չի նախատեսում, այդպիսի կոնկրետ ձևակերպում որևէ օրենքում նույնպես առկա չէ՝ որպես իրավախախտում ու այդ իրավախախտման համար նախատեսված պատասխանատվության միջոց: Ստացվում է՝ այդ հարցը օրենքը թողել է Պարետի որոշմանը՝ սահմանափակվելով ընդհանրական բնույթի ձևակերպմամբ իրավախախտում ամրագրելով: Օրինակ՝ ինչպես կարող է «արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժվելու պայմանները խախտելը» դիտարկվել որպես միայն կամ հենց դիմակ կրելու պարտադիր պահանջի խախտում: Սա, իհարկե, անընդունելի է, քանի որ կոնկրետ արարքի դիսպոզիցիան պետք է նախատեսվի օրենքի մակարդակով:

Զեկույցում նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ այն պայմաններում, երբ երկրում առկա է նման լիազորություններով ու այն էլ սահմանադրական մակարդակով ամրագրում ստացած իրավական կարգավիճակով օժտված մարմին, այն է՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, անընդունելի է Հանձնաժողովի համար նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների կիրառման հարցում անհրաժեշտ լիազորություններ չվերապահելը: Հանձնաժողովն է այս ոլորտի մասնագիտական հիմնական մարմինը, ուստի հենց նա է օժտված նաև անհրաժեշտ մասնագիտական կարողություններով ու լրատվական գործունեություն իրականացնողների, լրագրողների հետ աշխատանքի անհրաժեշտ հմտություններով:

Ուստի, անընդունելի է հատուկ կարգավիճակով օժտված (և սահմանադրական մակարդակում ամրագրված) մարմնի առկայության պայմաններում որևէ այլ մարմնի ու առավել ևս Ոստիկանության կողմից նման որևէ տեսակի իրավասություն իրականացնելը: Այս արձանագրումն առավել ևս արդիական է՝ հաշվի առնելով, որ այդ մարմինները չունեն հստակ ամրագրում ունեցող նման լիազորություններ (հնարավոր խախտումներ վեր հանելու նպատակով հեռուստատեսության աշխատանքը մշտադիտարկման ենթարկելը, հեռուստատեսության գրասենյակ այցելելը և այլն):

Այս առումով, «Արմնյուզ» և «5-րդ ալիք» լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպությունների գրասենյակներ Ոստիկանության այցն այդ կազմակերպությունների գործունեության բնականոն ընթացքը խաթարելու և մասնագիտական գործունեությանը միջամտության իրական վտանգ է ստեղծում կամ առերևույթ այդպիսի վտանգի տպավորություն է առաջացնում: Դրանից բացի, հարց է առաջանում՝ ինչու էր Ոստիկանությունն այցելում լրատվական գործունեություն իրականացնողների գրասենյակ, եթե ՀՀ օրենսդրությունը վարչական իրավախախտման մասին արձանագրությունը դրա կատարման վայրում կամ վարույթի մասնակիցների մասնակցությամբ կազմելու ուղղակի պահանջ չի նախատեսում:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի՝ որպես ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող անկախ պետական մարմնի կողմից նման վարչական վարույթ իրականացնելու և պատասխանատվության միջոցներ կիրառելու դեպքում լրագրողների մասնագիտական գործունեությանը միջամտության ռիսկը կհասցվի նվազագույնի:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի՝ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու և պատասխանատվության միջոցներ կիրառելու լիազորություններից կարող է օգտվել միայն օրենքով ուղղակի նախատեսված լինելու դեպքում, կարծում ենք՝ առավել նպատակահարմար կլինի լրատվական կազմակերպությանը պատասխանատվության ենթարկելու իրավասությունը վերապահել Հանձնաժողովին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում