«Վրաստանում սկսվել է կորոնավիրուսային համավարակի երկրորդ ալիքը». Գախարիա

«Վրաստանում սկսվել է կորոնավիրուսային համավարակի երկրորդ ալիքը». Գախարիա

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amՎրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է համավարակի երկրորդ ալիքի մեկնարկի և կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանափակող քայլերի խստացման մասին: Այս մասին գրում է «Грузия онлайн» պորտալը:

Խոսելով նոր սահմանափակումներ կիրառելու անհրաժեշտության մասին՝ Գախարիան հիշատակել է այն փաստը, որ Թբիլիսիում լայնամասշտաբ հարսանիքից հետո երկրի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Ցագերիում, Քութաիսիում, Զուգդիդիում և այլ վայրերում վարակի 5 նոր օջախ է ձևավորվել:

«Մենք այդ շրջաններում վարակվածության աճ ենք սպասում. ցավոք սրտի, տարածվածությանը նպաստել է հարսանիքը: Մենք ստիպված էինք հրամանագրում կետ ավելացնել «10 մարդուց ավելի չհավաքվելու» մասին, որպեսզի արգելվեն նման միջոցառումները: Այս ամենն արվում է մեր քաղաքացիների առողջությունը պաշտպանելու համար»,– նշել է Վրաստանի վարչապետը:

Վարչապետը, հայտարարելով երկրում վարակի երկրորդ ալիքի սկսվելու մասին, այնուամենայնիվ նշել է, որ ամեն ինչ վերահսկվում է և խուճապի մատնվելու կարիք չկա:

«Այսօրվա 57 դեպքն ու երեկ գրանցված 44 դեպքը ցույց են տալիս, որ երկրում համաճարակային իրավիճակը անընդհատ փոխվում է: Մենք կանխատեսում էինք երկրորդ ալիքի սկիզբը և ահա այն սկսվել է: Այստեղ կարևորն այն է, որ խուճապի մատնվելու պատճառ չկա, քանի որ իրավիճակը լիովին վերահսկվում է»,- ասել է Գախարիան:

Վրաստանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1830, մահվան` 19 դեպք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում