«Ես և շրջակա աշխարհը» դասագրքում Ստամբուլյան և Լանզարոտեի կոնվենցիաներից սկզբունքներ են սողոսկել. Թոփուզյան

«Ես և շրջակա աշխարհը» դասագրքում Ստամբուլյան և Լանզարոտեի կոնվենցիաներից սկզբունքներ են սողոսկել. Թոփուզյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Ազգային կրթության հիմնախնդիրը պետք է հետաքրքրի յուրաքանչյուր հայի։ Եվ չափորոշիչների հետևանքով առաջացած աղմուկի պատճառներից մեկն այն է, որ հանձնաժողովներից շատերի կազմում սխալ ընտրություններ են կատարվել»,- այսօր Հանրակրթական չափորոշիչների և առարկայական ծրագրերի վերաբերյալ կոնֆերանս-քննարկման ընթացքում ասաց Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Մանկավարժության ամբիոնի վարիչ Աիդա Թոփուզյանը։

Նրա խոսքով, իր համար անակնկալ չէր, որ չափորոշիչների նման մակարդակ է լինելու, այնուամենայնիվ, տխուր երևույթ է, որ որոշ մասնագետներ իրենց ոչ պրոֆեսիոնալ մոտեցում են թույլ տալիս։ Եվ ամենակարևորը, այնպիսի փասաթղթեր են ստեղծվում, որոնցից պարզ չի դառնում, թե ինչպիսի մարդ, կամ ում են ուզում ստեղծել դրանց հիման վրա։

«Երեսուն տարի է՝ մեր երկիրն անկախացել է, և այդ ընթացքում մենք չկարողացանք մեր դպրոցներին տալ սոցիալական պատվեր, թե ինչ ենք ուզում, ինչպիսի շրջանավարտ ենք ուզում։ Սա իմիջիայլոց հարց չէ։ Դրա համար այսօր նայում ես հայոց պատմության, հայոց լեզվի ծրագիրը, ու չես հասկանում՝ ում համար է դա մշակված։ Մեր դպրոցներին հստակ չի ասվել՝ մենք ՀՀ քաղաքացի ենք ուզում ունենալ, մարդ ենք ուզում կրթել, թե՞՝ հայ մարդ։ Այստեղից է բխում նաև երեխաների դաստիարակության հիմնախնդիրը։ Այդ չափորոշիչներում մի 3-4 տեղ կարող ենք կարդալ դաստիարակություն բառը։ Իսկ ինչո՞ւ են մեր նոր մասնագետները վախենում դաստիարակություն բառից։ Իրենց համար ամեն ինչը կրթություն է, բայց դրա կողքին պետք է լինի դաստիարակություն տերմինը։ Արդյունքում՝ այսօր մեր հասարակությունը դաստիարակության իր իդեալը չունի, որը պետք է հաշտեցնի հասարակության բոլոր շերտերին»,- կարծիք հայտնեց Աիդա Թոփուզյանը։

Ըստ նրա, եթե սոցիալական պատվեր լիներ՝ ուղղված դպրոցներին, ինչպես նաև լիներ դաստիարակության իդեալը, այս աղմուկը չէր լինի։ Մասնագետը շեշտեց՝ ազգային գաղափարախոսության չլինելու պարագայում շատ բարդ է իր ասածներն իրագործելը։

Ինչ վերաբերում է կոնկրետ չափորոշիչներին, ապա բանախոսը նշեց, որ չափորոշիչը պետք է չափելի լինի, այն պետք է որոշի սովորողի գիտելիքների, կարողությունների, հմտությունների և արժեքների չափը.

«Եթե այս տեսանկյունից նայենք, ապա հավատացեք, չափորոշիչների 70%-ը հնարավոր չէ չափել, դրանք բառակույտեր են, և դրանց մի մասը շատ վատ է թարգմանվել։ Օրինակ, «Ես և շրջակա աշխարհը» առարկայի դասագրքում Ստամբույլան և Լանզարոտեի կոնվենցիաներից սկզբունքներ են սողոսկել, այլ էլ շատ քողարկված ձևով։ 2-4-րդ դասարանների համար չափորոշիչ կա՝ իմանալ կանանց և տղամարդկանց իրավահավասարության մասին, բռնությունների և հալածանքների կանխարգելման միջոցերի մասին, պահպանել համակեցության կանոնները, հստակ արտահայտել ցանկություններն ու կամքը։ Ո՞նց են չափելու այս չափորոշիչը։ Անմիջապես զգացվում է, որ սրանք թարգմանված են։ Եվ երեխաների ի՞նչ բանն է իմանալ կանանց և տղամարդկանց իրավահավասարության, բռնության և հալածանքի մասին։ Թողեք էդ երեխաները մեծանան, հասկանան՝ իրենք ով են, նոր որոշեն մնացած ամեն ինչը։ Չի կարելի գրքերում խցկել այն, ինչ թելադրվում է օտարազգի էքսպերտների կողմից»,- շեշտեց Աիդա Թոփուզյանը։

Ըստ նրա, նույն վիճակն է Կենսաբանություն առարկայում, որտեղ մաթեմատիկա և հայոց լեզու առարկաների միջառարկայական կապերի պահանջներ կան։

«Մաթեմատիկայից պետք է կանանց վերարտադրողական ցիկլի հորմոնային կարգավորման տվյալները ներկայացվեն գրաֆիկորեն։ Զարմանում ես ուղղակի, մասնագետը նման բան կգրի՞։ Հասարակագիտության դասավանդման նպատակն էլ բոլորովին հասկանալի չէ։ Այդ առարկայի նպատակը քաղաքացի ձևավորելն է, իսկ քաղաքացին պետք է կարողանա գիտակցված ընտրություն կատարել։ Ամբողջ ծրագրի մեջ մի բան չկա, որ հասկանանք՝ Հասարակագիտությունը պետք է երեխային օգնի գիտակցված ընտրություն կատարել»,- ներկայացրեց մասնագետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում