ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանդիպման առաջարկ են արել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանդիպման առաջարկ են արել

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.amԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) սեպտեմբերի 14-ին Փարիզում ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացրել, որին ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (PRCiO) Անջեյ Կասպրշիկը: Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ-ի կայքից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ համանախագահները վերանայել են իրավիճակը տարածաշրջանում` մասնավորապես կենտրոնանալով Հայաստան-Ադրբեջան սահմանին հուլիսի կեսերին բռնի սրացումից հետո նոր զարգացումների վրա: Համանախագահները մանրակրկիտ քննարկել և գնահատել են կողմերի մասնավոր և հանրային հաղորդագրություններն ու մտահոգությունները: Կասպրշիկը համանախագահներին ներկայացրել է տեղում անվտանգության իրավիճակը։ Համանախագահները ողջունել են նրա կոնկրետ նախապատրաստությունները՝ դիտորդական գործունեության վերսկսման համար:

Համանախագահները հեռախոսով առանձին զրույցներ են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ և առաջարկել նախարարներին առաջիկա շաբաթներին անձամբ հանդիպել համանախագահների հետ` իրենց դիրքորոշումներն ավելի հստակեցնելու համար` առանց նախապայմանների լուրջ բովանդակային բանակցությունները վերսկսելու նպատակով:

Ասվում է, որ համանախագահները շարունակում են ակտիվորեն և լիովին ներգրավված լինել խաղաղ և համապարփակ կարգավորման բանակցություններում՝ համաձայն իրենց ԵԱՀԿ-ի մանդատի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում