ԿԳՄՍ նախարարը՝ Արսեն Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու մասին

ԿԳՄՍ նախարարը՝ Արսեն Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Մանդատի վայր դրման հետ կապված գործընթացը չի ավարտվել, այս պահին զերծ կմնամ անդրադառնալու այդ հարցին»,- ասուլիսում ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանը հայտարարել է մանդատը վայր դնելու մասին, ասել է` հիմնական պատճառն այն է, որ ձեր որդեգրած ուղին անհեռանկարային է:

Նա նշեց, որ մի փաստ կարձանագրի. «Անցած ամիսներին Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք զրո քննարկում, նա կարող էր այդ հարցերը բարձրացնել, և մենք հնարավոր է կոնկրետ քննադատության մի մասն ընդունեինք, շտկումներ անեինք, մի մասը բացատրեինք, որ իր ընկալումներում, դիրքորոշումներում այն փաստերը, որոնք դրանց հիմքում են, չեն համապատասխանում իրականությանը: Նման քննարկում չենք ունեցել, այդ հարցերը չեն բարձրացվել: Երբ որ լիներ նման քննարկում, կոնկրետացում, անպայման այդ հարցադրումներին կլինեին պատասխաններ»:

Հարց- Ուսանողները խնդրանք-պահանջով դիմել են կառավարությանը՝ ուսման վարձի մասնակի փոխհատուցման համար:

Ա. Հարությունյան- Դիմումը հանձնվել է աշխատակազմին, խոսակցություն ունեցել եմ, որպեսզի այդ դիմումը փոխանցվի, տեսնենք, թե ինչ առաջարկներ են: Անպայման կքննարկենք, անհրաժեշտության դեպքում նաև քննարկում կլինի ուսանողների հետ:

Հարց- Այսօր ԱԺ-ում «Լուսավոր Հայաստանը» բարձրացնելու է ձեր հրաժարականի հարցը, քաղաքացիների են հրավիրել ԱԺ մուտքի մոտ, ովքեր դեմ են ձեր պաշտոնավարմանը: Արդյո՞ք հիմքեր կան, որ ձեր պաշտոնավարման հարցը դրվի վարչապետի քննարկմանը:

Ա. Հարությունյան- Եթե նման հիմքեր լինեն, մեկ րոպե ավելի չեմ մնա այս պաշտոնին, ինքս դիմում կգրեմ:

Բողոքները կապված են այն մեծ ռեֆորմների փաթեթի հետ, որն իրականացվում է: Որոշ քաղաքական շրջանակների մտահոգությունը կապված է այն հանգամանքի հետ, որ այս բարեփոխումների ընթացքում և արդյունքում մենք ունենալու ենք մի սերունդ, որն այլևս իրենց հիմքը, հենքը չի հանդիսանալու, լինելու է քննադատող, վերլուծող, իսկ քննադատող և վերլուծող սերունդը, եթե վերլուծի այդ շրջանակների գործունեությունը, ապա միանգամից որոշում կկայացանի, որ որևէ առիթով այդ շրջանակներին չի սատարելու: Տարբեր շղարշների, կեղծ արժեքների անվան տակ պայքար իրականացնող խմբերն այլևս զրկvելու են մեր հասարակության մեջ որևէ աջակցությունից:

Կխնդրեմ մեր գործընկերներին ամպագոռգոռ հայտարարություններով, այսպես հրաժարականներով ինձ չվախեցնել, ես չեմ վախենում դրանից: Ես հեղափոխական թիմի առաջնորդներից մեկն եմ, ոլորտը բարեփոխելու առաքելություն եմ ստանձնել, ներկայում այդ առաքելությունն իրականացնում եմ, եթե ինքս կզգամ, որ գնում ենք սխալ ուղղությամբ, ես ինքս հրաժարական կտամ: Հիմա գնում ենք ճիշտ ուղղությամբ: Հիմա իմ օրակարգում հրաժարականի հարց չկա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում