Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ԲԿՀ-ն դուրս կգա փողոցային պայքարի. Իսայան

Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ԲԿՀ-ն դուրս կգա փողոցային պայքարի. Իսայան

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Այո՛, մեզ համար անընդունելի են Արայիկ Հարությունյանի հնչեցրած գնահատականները, որովհետև, անգամ այն պարագայում, երբ ԲՀԿ-ն ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների մասին խոսել է, կոռեկտության սահմանը չի անցել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Նրա խոսքով, Արայիկ Հարությունյանը պատմության մեջ մնալու է որպես միակ ԿԳՄՍ նախարար, ով իր աշխատասենյակում հպարտությամբ տրանսգենդերի էր հյուրընկալել, և այդ հանդիպման վերաբերյալ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում հայտարարություն էր տեղադրել։ Դրանից հետո էլ տրանսգենդերը, ոչ պակաս ոգևորությամբ հայտնել էր, որ բավարարված է նախարարի հետ հանդիպումից։

«Արայիկ Հարությունյանը պատմության մեջ կմնա որպես միակ նախարար, որ ՀԵՊ առարկան վերացրեց ուսումնական ծրագրերից։ Նա կմնա միակ նախարարը, որ Հայ գրականություն առարկայից հայ բաղադրիչը հանեց։ Եվ եթե այս իշխանությանը կոմֆորտ է այսպիսի նախարարի հետ աշխատանքը շարունակելը, ապա մեզ համար, դա բացարձակ անընդունելի է։ Եթե իրենց համար ընդունելի է նմանօրինակ տարրի հետ աշխատելը, ապա թող աշխատեն»,- նշեց պատգամավորը։

Նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ այսպիսի անհանդուրժողականություն քննադատության հանդեպ այսպիսի սվիններ որևէ ժամանակ, որևէ կառավարությունում չի եղել. «Պարո՛ն Հարությունյան, որևէ մեկը պարտավոր չէ կիսել Ձեր կարծիքը՝ հայագիտությունը քանդելու, ՀԵՊ-ը պղծելու, Ձեր կասկածելի «բարեփոխումների» գաղափարները։ Դուք տապալել եք կրթությունը, գիտությունը, մշակույթը։ Եվ քննադատությանը պատասխանել անձնական դաշտին վերաբերող ապատեղեկատվություններով, կարծում եմ, հարիր չէ պաշտոնյային, դա հարիր չէ տղամարդուն»։

Միքայել Մելքումյանն էլ բացեց փակագծերը՝ որևէ մեկի ուղեղում չի տեղավորվում ուղղակի անձնական վիրավորանքը մի մարզի բնակիչների նկատմամբ հնչեցնելը։

«Նշում է կոտայքցիներ, առաջ էլ այդպես ղարաբաղցիներին էին տարանջատում։ Ի՞նչի են տարբեր հատվածներին իրար դեմ հանում։ Սա լուրջ վիրավորանք ենք համարում։ Նա ինչո՞ւ է անձնական վիրավորանք հասցնում։ Ես չեմ ուզում ասել՝ ինչ վիրավորանք էր, բայց դրան մենք միայն քաղաքական գնագատական ենք տալիս և չենք տրվում սադրանքներին։ Սա վիրավորանք էր բոլորի նկատմամբ»,- շեշտեց նա։

Շաքե Իսայանն էլ նշեց, որ վաղը իրենք միանալու են ԼՀԿ-ին և կողմ են քվեարկելու Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցապնդմանը.

«Երբ ընդամենը հարցապնդման ընթացքում մեր բոլոր գործընկերները փաստերով ներկայացնում են ԿԳՄՍ նախարարի թերացումները, նախարարը հունից դուրս է գալիս, վիրավորական արտահայտություններ է հնչեցնում մի ամբողջ մարզի բնակիչների հասցեին, և ես վստահ եմ, որ բոլոր ուսանողները, երեխաները, ծնողները լսեցին, և իրենց պատկերացումը կազմեցին։ Երբ մենք կսպառենք խորհրդարանական գործիքակազմը, դուրս կգանք փողոցային պայքարի։ Մենք ամեն օր քաղաքական թիվ մեկ ամբիոնը շարունակելու ենք օգտագործել՝ ներկայացնելու առկա խնդիրները»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում