Ոնց որ այս ասֆալտի համար ենք հեղափոխություն արել. քաղաքացիների բողոքները

Ոնց որ այս ասֆալտի համար ենք հեղափոխություն արել. քաղաքացիների բողոքները

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.amԵրևանի Եկմալյան փողոցի բնակիչներն այսօր կրկին կառավարության դիմաց են: Նրանք ցանկանում են իմանալ, թե ի վերջո երբ է լուծվելու իրենց բնակարանների խնդիրը: Նշում են, որ արդեն բավական երկար ժամանակ պայքարում են իրենց խնդրի լուծմանը հասնելու համար, սակայն որևէ դրական տեղաշարժ չկա, ոչ մի բան չկա:

«Դրսում ենք մնացել, ոչ տան վարձ են տալիս, ոչ բնակարան, ոչ էլ տների համար փոխհատուցում: Ահավոր վիճակ է: Վարչապտի օգնականն այս գործը հանձնել է Սուրեն Ղամբարյանին: Ամեն հինգշաբթի նիստից հետ վախենում է դուրս գալ, հանդիպել լրագրողների հետ, վերջին խոսքն ասել: Չի ասում, որովհետև ստախոս անձնավորություն է: Իջնում է ներքև, հորդորում է մեզ՝ այս շաբաթ քաղաքապետրանում է, այս շաբաթ կառավարությունում է, ձեր հարցերն անպայման կլուծվեն: Փափուկ բարձը դնում է գլխներիս տալ, ուղարկում տուն:

Ուզում ենք մեր երկրում ճիշտը լսել, ապրել մեր երկրում հանգիստ ու խաղաղ: Հույս ունենի, որ հեղափոխությունից հետո իրավիճակ է փոխվել, իմ վիճակն էլ կկարգավորվի, սակայն երկու տարի է բողոքարկելով հանդերձ հասկացա, որ ոչ մի որակ չկա իրենց աշխատանքի մեջ: Հանդիպում եմ պահանջում, պարոն վարչապետ: Պահանջում եմ, որ իմ հարցին վերջիվերջո լուծում տաք: Մտածում էինք այս կառավարությունը մեզ չի անտեսի, մեր հարցերին լուծում կտա, սակայն երկու տարի է ոչ մի լուծում, ինչքան անհեթեթ պատասխաններ պետք է, ստացանք»,- լրագրողներին ասաց բողոքող քաղաքացիներից մեկը:

Մեկ այլ քաղաքացի նշեց. «Ամբողջ աշխարհին ասում ենք՝ ժողովուրդ ջան, սթափվեք, սուտ է, այս ապիկարները սուտ են, մեզ համար չեն եկել: Մենք խաբված ենք: Գալիս եմ, որ ամեն հինգշաբթի, ինչպես իրենք են մեզ խաբում, ես էլ թքեմ իրենց երեսին: Ինչ խոսում են, սուտ է, սրիկա ստախոս են սրանք:

Մեր հարցն ընդհանրապես չեն էլ քննարկում, որտեղ փող կա, այդ հարցերն են դնում քննարկման: Այնպիսի տպավորություն է՝ ոնց որ այս երկիրն ասֆալտի համար ենք հեղափոխություն արել: Մենակ ասֆալտի ծրագիրն է»:

Կառավարության մոտ են նաև ՌԴ գնալ ցանկացող քաղաքացիները, որոնք փակ սահմանների պատճառով չեն կարողանում գնալ ՌԴ: Նրանք նշեցին, որ այս հարցում որևէ փոփոխություն չկա: Ըստ նրանց, պատկան մարմիններն ասում են՝ բանակցում են, սակայն ժողովրդին հետաքրքրում է, թե որ փուլում են այդ բանակցությունները, ինչքան ժամանակից հարցը կլուծվի:

«Ռեալ չեն ասում, անորոշ վիճակ է»,- ասում են նրանք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում