ԵԱՀԿ ՄԽ-ը նշում է, որ պետք է զբաղվեն սուբստանտիվ բանակցություններով. Տիգրան Աբրահամյան

ԵԱՀԿ ՄԽ-ը նշում է, որ պետք է զբաղվեն սուբստանտիվ բանակցություններով. Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ-ի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի կարծիքով` պետք է արձանագրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունից մի քանի օր անց հայ-ադրբեջանական սահմանում գրանցվել է միջադեպ, իսկ այդ հայտարարություններին զուգահեռ Ադրբեջանը շարունակում էր սահմանի տարբեր ուղղություններով սադրանքներ իրականացնել: Նա Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, թե ցանկանում են նախապատրաստել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ նշեց, որ Ադրբեջանի վարքագիծը պարզապես ցույց է տալիս, որ նրանք որևէ ձևով պատրաստ չեն բանակացությունների և չեն էլ ցանկանում գոնե ձևական ջանքեր ցույց տալ, որ ցանկանում են բանակցել:

«Միջնորդները խոսում են հանդիպման նախապատրատման մասին, ձևակերպումներ են անում մի գործընթացի մասին, ինչը ըստ էության գոյություն չունի: Համենայն դեպս նման բան կարելի է եզրակացնել` հաշվի առնելով, որ պարզ չէ, թե ինչի շուրջ են տեղի ունենալու բանակցությունները: Հարց է առաջանում`կա՞ փաստաթուղթ, որի շուրջ բանակցություններ են ընթանալու:

Համանախագահները փորձում են հստակություն մտցնել իրենց մոտեցումներում, նշում են, որ պետք է զբաղվեն սուբստանտիվ բանակցություններով: Այս իրավիճակում անհասկանալի է, թե ինչպես կարող են լինել բովանդակային բանակցություններ, երբ պարզ չէ, թե ինչի շուրջ են դրանք»,- ասաց նա:

Այլ բան է, ըստ Տիգրան Աբրահամյանի, որ հնարավոր է` կա մի փաստաթուղթ, որը հրապարակված չէ: «Ամեն դեպքում Ադրբեջանն այս առումով լռում է, ցույց է տալիս, որ որևէ գործընթաց տեղի չի ունենում: Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ նախորդ փաստաթղթի հետ կապված հարցադրւմ են արել միջնորդներին, ու իրենց համար պարզ չէ, թե այս պահին այդ հարցադրումների պատասխանները կան, թե ոչ: Կարևոր հարց է, թե ինչ օրակարգի, փաստաթղթի շուրջ են տեղի ունենալու բանակցությունները: Կամ գուցե պարզ է, բայց որևէ ձևով չի հանրայնացվում»,– ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք ՀՀ-ը պետք է գնա բանակցությունների այն դեպքում, երբ Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի ցանկանում բանակցել, Տիգրան Աբրահամյանը նշեց՝ մենք պետք է աշխատենք միջազգային հանրության մոտ կառուցողական երևալ, այլ ոչ թե ագրեսոր: «Պետք է ծանրութեթև անել, և եթե անգամ նպատակահարմար չէ գնալը, ապա պետք է ունենալ հիմնավորումներ, որոնք ընկալելի լինեն միջնորդների համար»,- ասաց նա:

Հուլիսյան դեպքերից հետո, նրա նկատառմամբ, Ադրբեջանը տապալվել է, ինչը մեզ համար լավ պայմաններ է ստեղծում բանակցային գործընթացի վերսկսվելու դեպքում լավ ամուր դիրքեր ապահովելու համար:

Հարցին՝ որո՞նք են մեր պահանջները որպես կողմ, Տիգրան Աբրահամյանը նշեց, որ վերջին շրջանում հայկական կողմը խոսում է Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունների իրականացման, վստահության մեխանիզմներ ստեղծելու գործընթաց սկսելու մասին:

«Այս պահին չեմ կարծում, որ կարելի է ակնկալել հաջողություն կամ քայլ առաջ այս գործընթացում: Վստահություն կողմերի միջև չկա, դեռ ավելին դրա հնարավորություններն արդեն սպառվում են: Այնպես որ իրավիճակը հեշտերից չէ: Եթե անգամ միջնորդների մոտ ստացվի արտգործնախարարների մակարդակով հանդիպում կազմակերպել, ապա հարց է՝ դա բանակցային գործընթացում հաջորդականություն կապահովի, թե` ոչ»,- ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ իշխանություններն իրենք էին հրաժարվել հիշատակել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, Տիգրան Աբրահամյանը նշեց, որ նրանք շատ շուտ հասկացան, որ իրենց քաղաքականությունը լավ տեղ չի տանում, և հիմա փորձ է կատարվում վերադառնալ հին օրակարգին:

Խոսելով արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ վերջերս տված հարցազրույցների մասին, որտեղ խոսք է գնում ԼՂ հակամարտությունում փոխզիջումների անհրաժեշտության մասին և պատասխանելով հարցին, թե դրանով հայկական կողմը փորձում է կառուցողական կողմ երևալ, թե ներքին լսարանին է նախապատրատում ինչ-որ զիջումների, Տիգրան Աբրահամյանը նշեց. «Այն, ինչ ասվում է դրսի լսարանի համար, բերվում է նաև ներս: Ցանկացած հայտարարություն ազդեցություն է թողնում նաև ներքին լսարանի վրա: Չեմ կարող ասել, թե Հայաստանն ինչու է շարունակում խոսել փոխզիջումների մասին, գուցե փորձ է արվում առաջիկա հնարավոր բանակցություններից առաջ ներկայանալ որպես կառուցողական կողմ: Բայց միաժամանակ պետք է արձանագրենք, որ Հայաստանը ոչ միայն չի խոսում փոխզիջումների մասին, այլ նաև ընդհանրապես բանակցությունների մասին չի խոսում, հակառակ ուղղությամբ է դիրքավորվում: Նրա բոլոր գործողություններն ուղղված են ռազմական հնարավորությունների ավելացմանը, դաշնակիցների ներգրավմանը, իսկ արտաքին քաղաքական առումով փորձում է իրեն զոհի կարգավիճակ վերագրել, իսկ Հայատանին` որպես ագրեսոր»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում