Քաղաքական ճգնաժամ

Քաղաքական ճգնաժամ

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.amՏարիներ շարունակ ընդդիմության մասին թյուր պատկերացում է ձևավորվել։

Շատերը կարծում են, որ ընդդիմադիրը պարտադիր պետք է միշտ փողոցային պայքարի մեջ լինել, պետք է անպայմանորեն հայհոյի բոլորին, պետք է «փողոց փակի»։

Այս պատկերացման արդյունքում՝ այսօր ունենք այն, ինչ ունենք՝ ոչ պրոֆեսիոնալ կառավարություն, քաղաքական բովանդակության գրեթե բացակայություն, քաղաքական համակարգի ճգնաժամ։

Ասածս հաստատելու համար կարելի է միայն նայել վերջին տասնամյակում ՀՀ-ում ընդդիմադիր դաշինքների պատմությունը։ Դրանք միշտ եղել են միայն ընդհանուր շահի հիմքով՝ ընդդեմ օրվա իշխանությունների, դաշինք ձևավորած ուժերի քաղաքական գաղափարախոսությունները կամ՝ գոնե պետության մասին պատկերացումները գրեթե երբեք չեն համընկել։

Բայց քաղաքական ճգնաժամը Հայաստանում բոլորովին նոր չի սկսվել։ Այն նախապատրաստվել է շատ երկար տարիներ՝ տարբեր ուժերի կողմից, որոնք, օգտվելով բոլոր ժամանակների իշխանությունների բացթողումներից և քաղաքական ընդդիմության (հիմնականում) անբովանդակությունից, էնդշփիլ են մտել 2008թ-ից սկսած։

Հենց այս թվականից սկսված քաղաքական բևեռվածությունը հասավ ծայրահեղ և վտանգավոր մակարդակի, սկսեցին ավելի ակտիվանալ արտասահմանյան ֆինանսավորմամբ գործող կազմակերպությունները և ստեղծել քաղաքացիական հասարակության գոյության իլուզիա։ Այս ամենի դրսևորումները կարելի է տեսնել գրեթե ամեն տարվա քաղաքական տարեգրության մեջ։ Արդյունքների գագաթնակետն էր 2016-ի ահաբեկչությունը և 2018-ի քաղաքական իրադարձությունները։

Այս ամենը բերեց իշխանափոխության, բայց ոչ երբեք՝ բովանդակային և իրական հեղափոխության, որովհետև հասուն միտքը. քաղաքական տեսլականը, համակարգային և ֆունդամենտալ բարեփոխումների համար անհրաժեշտ գիտելիքների ու քաղաքական կամքի բացակայությունը տարիներ շարունակ փոխարինվել էին պոպուլիզմով։ Գուցե տարիներով մսխված էներգիայի, ժամանակի ու միջոցների ճիշտ ուղղորդումը բերեր բոլորովին այլ պատկերի, բայց ունենք այն, ինչ ունենք։

Ցավոք, ներկայում ընդդիմադիր ուժերի մեծամասնությունը գրեթե չի տարբերվում նախկին ընդդիմադիրներից և ներկա իշխանություններից։ Շատերը շարունակում են գործել կարճաժամկետ մարտավարական ծրագրերով, քաղաքական ինստիտուցիոնալության բացակայությամբ և ամենացածր որակի քննադատությամբ, շարունակում են մսխել էներգիան ու միջոցները, համախմբվել ոչ թե ընդհանուր գաղափարի, այլ՝ ընդհանուր հակառակորդի «շուրջ»՝ չստեղծելով քաղաքական բովանդակություն ու չծավալելով համակարգային պայքար։

Քաղաքական պայքարի այս մեթոդները ոչ միայն չեն կարող խանգարել որևէ իշխանության, այլև ամեն օր ավելի են երկարացնում գործող իշխանության կառավարման օրերը։

Անընդհատ հիմնազուրկ տեսություններ առաջարկելով՝ իշխող ուժի իշխանությունը պահելու ժամկետների վերաբերյալ՝ շատ ընդդիմադիրներ անուղղակիորեն ճանապարհում են այս իշխանություններին դեպի կառավարման երկրորդ ժամկետ։

էդուարդ ԳԱԼՍՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում