«Իրատես»․ Շռնդալից ծափեր ՝ հաջակցություն սեփական թիմին քամահրող նախարարի

«Իրատես»․ Շռնդալից ծափեր ՝ հաջակցություն սեփական թիմին քամահրող նախարարի

«Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին անվստահություն հայտնելու գործընթացի ժամանակ խորհրդարանական մեծամասնության՝ «Իմ քայլի» արձագանքն ու պահվածքը, Նիկոլ Փաշինյանի ասած, եղկելի էր: Իշխանության եկածները, որ իրենց հռչակել են սիրո և հանդուժողականության մթնոլորտի տարածողներ ու քարոզիչեր, չեն հաշտվում ցանկացած քննադատության հետ:

Թուր ու թվանքով են ընդունում թե՛ լրագրողների՝ իրենց քիմքին ոչ հարիր հարցերն ու դիտարկումները, թե՛ ընդդիմադիրների քննադատական խոսքը և թե՛ այն խոսքը, որ ձոն չէ ժողովրդին «կործանումից փրկած» իշխանությանը: Բոլորովին գաղտնիք չէ, որ Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, ինչպես նաև հանձնաժողովի իշխանական ներկայացուցիչների ու ԿԳՄՍ սուպերնախարարի ջրերը մի առվով չեն հոսում:

Անզեն աչքով նկատելի է, որ հանձնաժողովն ու նախարարությունը միմյանցից «բեխաբար» են: Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ու նախարար Արայիկ Հարությունյանը փորձում են չանդրադառնալ մեկմեկու աշխատանքին, որ ներիշխանական տարանջատումն ի ցույց չդնեն: Եվ այս ամենի ֆոնին ԼՀԿ-ի նախաձեռնած հարցապնդման ժամանակ իմքայլականներն այնպես են «դոշ տալիս» «ամենայն հայոց նախարարի» համար, որ սկսում ես մտորել 88 մանդատավորների անձի երկվության շուրջ:

Այն, որ նրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդեպ ստալինյան ժամանակներին բնորոշ սրբազան պարտքի ու անձի պաշտամունքի զգացում ունեն, նորություն չէ: Եթե Փաշինյանը խորհրդարանում է, ապա բոլորը մեկ մարդու նման պետք է շտապեն նիստերի դահլիճ, աշխատեն, ներս ու դուրս չանեն, գերազանցիկի նման, իրար հերթ չտալով, հարցեր տան, ցույց տան, թե, իբր, օրուգիշեր տքնում են ԱԺ-ում, գլուխ ջարդում օրինագծերի վրա ու, որպես հավատարմության առհավատչյա, մի շռնդալից ծափահարություն նվիրում «ժողովուրդների հորը»:

Դեռ փառք տանք Աստծուն, որ ծափահարությամբ են սահմանափակվում ու խելքներին չի փչում սիմֆոնիկ «դմփ-դմփ-հու»-ն ԱԺ դահլիճում իրականացնել: Ծափերի փունջը, պարզվում է, միայն Փաշինյանի համար չէ, ու հետայսու ով իրենց «քեֆին» կպնի, ծափ են տալու ու այդպիսով փակելու բոլորի բերանը: Արայիկ Հարությունյանին, որ բացահայտ քամահրական վերաբերմունք ունի ոչ միայն քաղաքական օպոնենտների ու լրագրողների, այլև սեփական թիմակիցների նկատմամբ, երևի հենց այդ վերաբերմունքի համար են ծափահարում նրա՝ ԱԺ դահլիճից դուրս մի բան, ներսում բոլորովին այլ բան ասող թիմակիցները: Թե՛ Հարությունյանը, թե՛ մեծամասնության պատգամավորները, թե՛ Նիկոլ Փաշինյանն ու նրա կաբինետը օրերից մի օր իշխանություն չեն լինելու, բայց երիտասարդ երեսփոխանները մինչև կյանքի վերջը կրելու են կոմկուսային ծափահարության ոչ պատվաբեր խարանը:

ՈՒ քանի դեռ պաշտամունքային երեկոների չեն անցել, գուցե արժե մտածել այս հարցի շուրջ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում