Ճիշտ չէ, որ բանակում չծառայած մարդն ասի՝ բոլորդ պետք է ծառայեք. Գորգիսյան

Ճիշտ չէ, որ բանակում չծառայած մարդն ասի՝ բոլորդ պետք է ծառայեք. Գորգիսյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amՆախագծի գաղափարն ի սկզբանե այն էր, որ նպաստի ներգաղթին, և այն քաղաքացիները, որոնք ժամանակին ՀՀ-ից հեռացել են, լրացել է նրան 27 տարին, և այլևս զինապարտ չեն, հնարավորություն ունենան որևէ կերպ վերադառնալ ՀՀ՝ խուսափելով քրեական պատասխանատվությունից: Գաղափարը լավն է, ողջունելի է, բայց ցավով պետք է արձանագրենք, որ նախագծում տեղ գտած դրույթները դրան չեն նպաստելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի, Մխիթար Հայրապետյանի և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ներկայացրած նախագծին, որով պատգամավորներն առաջարկում են, որ 27 տարին լրացած քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, գումարի դիմաց ազատվեն քրեական հետապնդումից:

«Առաջին հերթին, գումարը շատ բարձր է սահմանված՝ պայմանագրային զինծառայողի՝ 2 տարվա աշխատավարձ՝ հավելավճարներով, որն առաջին հերթին լողացող թիվ է, և հստակ գումարի մասին չէ, այլ տարբեր հաշվարկներով՝ 5-5.5 մլն դրամի մասին է խոսքը: Ամեն սփյուռքահայ կամ դրսում ապրող չէ, որ միլիոնատեր է և կարողանալու է իրեն դա թույլ տալ»,- նշեց Գորգիսյանը:

Հաջորդ դրույթը, որը, ըստ Գորգիսյանի, չի նպատսելու ներգաղթին, այն է, որ ամեն բաց թողած զորակոչի համար եկողը մեկ ամիս ավել պետք է ծառայի. «Սա հերթական խոչընդոտն է լինելու գալու որոշումը կայացնելիս՝ գա՞նք հայրենիքին պարտքը տալու, թե՞ ոչ: Կարծում եմ՝ այդ որոշումը կայացնելիս սա բացասական է ազդելու»,- տեսակետ հայտնեց Գորգիսյանը:

Նաև վաղեմության ժամկետն է մեծացվում, ինչը, պատգամավորի կարծիքով, խնդիր ունի Սահմանադրության հետ: «Ընդհանուր առմամբ, չկա այն հարցի պատասխանը՝ ինչով է սա տարբերվում նախկինում եղած կարգավորումներից՝ բացի լրացուցիչ խոչընդոտներ ստեղծելը: Նախկինում կար կարգավորում, որն իշխանություններն անվանեցին ժամանակավոր և թերի, և չերկարաձգեցին, բայց բերեցին նոր նախագիծ, որի հիմնական էությունը գալ, փող տալ, ազատվելն է, գումարի չափն է ընդամենը մեծացել: Չի հասկացվել՝ որն է ֆունդամենտալ փոփոխությունը, որ նրանում դուր չէր գալիս»,– նշեց նա:

Դիտարկմանը, թե Գորգիսյանը խնդիր էր տեսել նաև նախագծի համահեղինակների առումով, պատգամավորն արձագանքեց. «Նույն խնդիրը մենք արտահայտեցինք նաև ժամանակին Վիգեն Սարգսյանի դեպքում, երբ բանակում չծառայած մարդը խոսում է, որ անխտիր բոլորը պետք է ծառայեն, և չծառայողներին պետք է խիստ պատժեն: Ինչպես նրա պարագայում ես տեսնում էի խնդիր և կարծում էի՝ գոնե չպիտի հարմար զգա իրեն դա ներկայացնելիս, նույնն ասում են այս նախագծի հեղինակների մի մասի մասին, որոնք ոչ միայն չեն ծառայել բանակում, այլև նրանցից մեկը նույնիսկ բանակից խուսափելու համար թղթեր է կեղծել և դրա համար նաև դատապարտվել է»,– ասաց նա՝ նշելով, թե այս դեպքում խնդիրը բարոյական դաշտում է, քանի որ, օրինակ, կոռուպցիոները չի կարող պայքարել կոռուպցիայի դեմ:

«Բարոյական տեսանկոյւնից կարծում եմ՝ այդքան էլ ճիշտ չէ՝ չծառայած մարդը «մատ թափ տա» մյուսների վրա, ասի՝ բոլորդ պետք է գաք, ծառայեք»,- ասաց Գևորգ Գորգիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում