Այլևս չենք զարմանում մեզ հարևան որոշ երկրների դրսևորած վանդալիզմից. Հայրապետյան

Այլևս չենք զարմանում մեզ հարևան որոշ երկրների դրսևորած վանդալիզմից. Հայրապետյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Սան Ֆրանցիսկոյի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում գտնվող հայկական կենտրոնը հրկիզվել է»,– խորհրդարանում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։

Նա Հայաստանի խորհրդարանի անունից խստագույնս դատապարտեց ազգային և կրոնական պատկանելության հողի վրա հիմնված բոլոր տեսակի հանցագործությունները՝ հույս ունենալով, որ առաջիկա ժամերի ընթացքում տեղական իշխանությունները և պատկան մարմինները բավարար չափով ջանք կգործադրեն՝ բոլոր հանցագործներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար։

«Թեպետև նրանք դեռևս հայտնաբերված չեն, և հայտնի չէ՝ ովքեր են կանգնած այդ գործողությունների հետևում, բայց դժվար չէ կռահել, թե ովքեր կարող են հրահրած լինել այդօրինակ գործողությունները՝ հաշվի առնելով Տավուշում հուլիսյան իրադարձություններից հետո Սան Ֆրացիսկոյում հայկական եկեղեցու նկատմամբ վանդալիստական գործողությունները, Փարիզում Կոմիտասի արձանի և հայկական հուշարձանների նկատմամբ բռնի գործողությունները։

Ընդհանրապես, կարող եմ ասել, որ մենք քաղաքակիրթ ժողովուրդ ենք, և մեզ համար հասկանալի չեն դպրոցի, եկեղեցու, հուշարձանների նկատմամբ վանդալիստական գործողությունենրը։ Բայց, նկատի ունենալով, թե ովքեր են դրա հետևում կանգնած, այն է՝ մեզ հարևան որոշ երկրներ՝ արևելքից և արևմուտքից, այլևս չենք զարմանում»,- շեշտեց պատգամավորը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում