ՀՀ բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն-ի, ստեղծել 1,5 մլն աշխատատեղ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն-ի, ստեղծել 1,5 մլն աշխատատեղ. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «ՀՀ բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն-ի, ստեղծել 1,5 մլն աշխատատեղ, հաղթահարել աղքատությունն աշխատանքով»,- Մատենադարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «Մինչև 2050 թվականի փոփոխությունների ռազմավարության» հիմնական տեսլականը:

Վարչապետը հավելեց, որ դժվար է պատկերացնում, թե ինչպես կարող է մարդը հաղթահարել աղքատությունն առանց աշխատանքի, իսկ լավ աշխատանքը կարող է ապահովվել համարժեք կրթությամբ:

Փաշինյանը նշեց, որ ռազմավարությամբ նախատեսված է քսանապատկել Հայաստանի ՀՆԱ-ն, յոթնապատկել միջին աշխատավարձը:

Նա հայտարարեց, որ նախատեսվում է մինչև 2050 թվականն ունենալ մեկ շնչի հաշվով աշխարհի ամենամարտունակ բանակը, աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը:

Նկատելով, որ հիմնական նպատակներից է լինելու սովորելն ազգային ապրելակերպ դարձնելը՝ վարչապետը որպես չափանիշ ներկայացրեց բուհերի միջազգային վարկանիշի առաջին 200-յակում առնվազն 3 հայկական բուհի տեղ գտնելը, Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր դարձնելը:

Այդ առումով նախատեսվում է ունենալ 10 մլրդ դոլար և ավելի արժեքով առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն և առնվազն 10 հազար աշխատող ստարտափ:

Վարչապետի ներկայացմամբ, ռազմավարության նպատակներից է նաև առողջ շրջակա միջավայրը, կլիմայադիմացկուն և էներգաարդյունավետ Հայաստանը, 25 օլիմպիական ոսկե մեդալ շահելը, Հայաստանի Ֆուտբոլի հավաքականը աշխարհի կամ Եվրոպայի մեդալակիր դարձնելը, շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչման նվաճումը, Հայաստան այցելով զբոսաշրջիկների թիվը 15 մլն-ի հասցնելը:

Նիկոլ Փաշինյանը ռազմավարության գաղափարներից առանձնացրեց ընդունված ազգային անվտանգության ռազմավարությունը, որում թվարկված են ազգային արժեքները:

Ըստ վարչապետի, առաջին արժեքը հայոց պետականությունն է, որը հնարավորություն է տալիս սեփական ճակատագրի վերաբերյալ կայացնել որոշումներ, երկրորդը՝ կրթությունը, մյուս առանցքային արժեքն անհատն է, քանի որ անհատն է միակ սուբյեկտը, որ ձևավորում է ընտանիք, հանրություն, ժողովուրդ ու պետություն:

Չորրորդ արժեքը, ըստ վարչապետի, աշխատանքն է:

«Ազգային այդ գաղափարների հիմքում դրված են մեր ազգային նպատակները: Այդ նպատակներից առաջինը հայկական պետականության հավիտենականություն է: Հաջորդը ՀՀ քաղաքացու արժևորումն է: Ի վերջո, ինչի՞ համար է պետականությունը, այն ՀՀ քաղաքացիների բարեկեցության, անվտանգության, ազատության ու երջանկության ապահովումն իրականացնելու համար է»,- ներկայացրեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը ներկաներին հայտնեց, որ ռազմավարությամբ ամրագրված է հայ ժողովրդի ինքնության պահպանումն ու զարգացումը, ներառյալ ազգային գիտակցությունից հեռացած կամ հեռացողների ազգային ինքնության վերականգնումը՝ նրանց մոտ հայոց լեզվի իմացության մակարդակի և ՀՀ քաղաքացիություն ունեցողների թվի էական մեծացման շնորհիվ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում