Ես որևէ հանցագործություն չեմ կատարել, ես իմ պարտքն եմ կատարել իմ երկրի հանդեպ. Բալասանյան

Ես որևէ հանցագործություն չեմ կատարել, ես իմ պարտքն եմ կատարել իմ երկրի հանդեպ. Բալասանյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amԵս որևէ հանցագործություն չեմ կատարել, ես իմ պարտքն եմ կատարել իմ երկրի հանդեպ, և նրանք, ովքեր կփորձեն ինչ-որ այդպիսի որոշում կայացնեն, պետք է հարցաքննեն ինձ, պատրաստ եմ ցանկացած հարցի պատասխանել: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս, «Արդարություն» կուսակցության ղեկավար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով հարցին՝ մտավախություն չունի՞, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում կսկսվի:

Անդրադառնալով տավուշյան դեպքերին՝ Վիտալի Բալասանյանն ասաց. «Երբևիցե նախորդ իշխանությունների ժամանակ Ղարաբաղյան հարցում Հայաստանը չի եղել հակամարտող կողմ, Հայաստանը եղել է միջնորդ՝ բանակցություններին, եղել է Արցախի Հանրապետության բնակչության և բանակցությունների երաշխավոր, բայց նոր իշխանությունները ՀՀ-ն ներքաշել են հակամարտության մեջ, իսկ տավուշյան դեպքերից հետո, կարող ենք ֆիքսել, հաստատել, որ ՀՀ քաղաքական իշխանությունը ՀՀ-ն ներքաշել է պատերազմական իրավիճակի մեջ, որը շատ վտանգավոր է»:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Արցախում կան դավադիր ուժեր, Բալասանյանն ասաց՝ ով նման հայտարարություն է արել, ինքն է դավադիր, և ժամանակը ցույց կտա, որ համար մեկ դավադիրը այդ հայտարարությունն անողն է:

Անդրադառնալով ռուսական «Դոսյե»-ին, որը ՀՀ-ում լրտեսներ է բացահայտել, Բալասանյանը նախ նշեց, որ ՌԴ-ն ՀՀ դաշնակիցն է, իսկ ինչ վերբերում է «Դոսյե»-ին, ասաց, որ պետք է իմանալ, թե դա ինչ աղբյուր է. «Կարելի է գրել, որ 3 մլն-ից ավելի բոլոր ՀՀ քաղաքացիները, որոնք ապրում են ՌԴ-ում, «լրտեսներ», «շպիոններ» են, ինչ է թե մեր հարյուրհազարավոր քաղաքացիներ ՌԴ-ում արտագնա աշխատում են: 6-8 ամիս ապրում են այնտեղ, 4 ամիս գտնվում են Հայաստանում: Կարո՞ղ ենք ասել այդ մարդիկ լրտեսություն են անում, ինչի՞ մասին է խոսքը: Անտարբեր եղեք նման հայտարարություններին՝ իմ խորհուրդն ու առաջարկությունը ձեզ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՀ-ում բողոքի ակցիաներին՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով, Բալասանյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է սպասի այդ բողոքի ալիքները բարձրանան, պետք է կամավոր հեռանա, ճիշտը դա է: Իսկ թե ում է տեսնում հաջորդ իշխանություն, Բալասանյանը նշեց, որ իշխանությունը ազգային, հայերեն մտածող իշխանություն պետք է լինի: «Ես անուն չեմ տա, որովհետև ես ապրում եմ Արցախի Հանրապետությունում, իհարկե, մտահոգ եմ Հայաստանով: Սա իմ մեծ հայրենիքն է. առանց Հայաստանի չկա Արցախ, առանց Արցախի չկա Հայաստան»,- ընդգծեց նա:

Հարցին՝ քաղաքական շրջանակների հետ հանդիպում սպասվո՞ւմ է, Բալասանյանը պատասխանեց․ «Ով ցանկություն կհայտնի հանդիպելու, կհանդիպեմ՝ սկսած Նիկոլ Փաշինյանից, ես որևէ խնդիր չունեմ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում