Ռուսաստանը հոկտեմբերին կգրանցի կորոնավիրուսի դեմ արդեն 2-րդ պատվաստանյութը

Ռուսաստանը հոկտեմբերին կգրանցի կորոնավիրուսի դեմ արդեն 2-րդ պատվաստանյութը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amՌուսաստանը հոկտեմբերի 15-ին ծրագրում է գրանցել կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստանյութը: Այս մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

«Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարությունը սկսել է «էպիվակկորոնա» պատվաստանյութի գրանցման ընթացակարգը: «Էպիվակկորոնա» պատվաստանյութի գրանցման կարգի ավարտը նախատեսվում է 2020 թվականի հոկտեմբերի 15-ին»,- ասված է «Ռոսպոտրեբնադզոր»-ի տարածած հաղորդագրությունում:

Պատվաստանյութը մշակել է Վարակաբանության և կենսատեխնոլոգիայի «Վեկտոր» պետական գիտահետազոտական կենտրոնը: Պատվաստանյութի գրանցումից հետո կսկսվեն կլինիկական փորձարկումները, որոնց կներգրավվեն վաթսուն տարեկանից բարձր կամավորներ, ինչպես նաև քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսին հայտարարել էր Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին: Նշվում է, որ այն «Սպուտնիկ V» («Спутник V») անվանումն է ստացել՝ 1957 թվականին արձակված Երկրի առաջին արհեստական արբանյակի անվան նմանությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում