Կգործի նպաստների նոր համակարգ

Կգործի նպաստների նոր համակարգ

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱզգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով Կառավարությունը առաջարկում է նախատեսվող սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի փոխարեն ստեղծվի համալիր սոցիալական ծառայություն, որում կմիավորվեն տարածքային մի շարք գրասենյակների գործառույթները: Նախագիծը ընդունվեց միաձայն:

Նախագիծը ներկայացնող Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամկոչյանն ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը պատգամավոր Արտակ Մանուկյանն առաջարկել է ձեռնպահ մնալ Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի փոխարեն ստեղծվող մեկ միասնական կառույցը՝ համալիր սոցիալական ծառայության տեսքով ստեղծելուց: Նա նշեց, որ առաջարկվել է նախագծերի փաթեթից հանել նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, քանի որ այս դեպքում նախարարությանը ենթակա համալիր սոցիալական ծառայություն ստեղծելու անհրաժեշտություն չկա:

«Կառավարությունը դիտարկել է այս հնարավորությունը՝ ստեղծվող բարեփոխումն իրականացնել գրասենյակի կարգավիճակով և կառավարությունը որոշել է ընդունել առաջարկը:

Սակայն այս դեպքում մենք առաջարկ ունենք, որ գրասենյակի պարագայում մենք կարիք կունենանք անցումային հոդվածներով երկարաձգումն իրականացնել ոչ թե հունվարի 1-ով, այլ 2021 թվականի ապրիլի 1-ով:

Երկարաձգման անհրաժեշտությունը կապված է այն հանգամանքի հետ, որ գրասենյակն այլևս չի ունենա աջակցող ստորաբաժանումներ, և աջակցող ստորաբաժանումների գործառույթները կիրականացվի նախարարության ռեսուրսներով, նախարարության աջակցող ստորաբաժանումներով, և կարիք կլինի լրացուցիչ ժամանակի»,- ասաց նա:

«Այս փոփոխության նպատակը մեկն է, որ մեր քաղաքացիները, հատկապես սոցիալապես անապահով խոցելի խմբերը ոչ մի օր, ոչ մի ժամ չպետք է զրկվեն սոցիալական ծառայություններ ստանալու հնարավորությունից»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Աննա Ժամկոչյանը նշել էր, որ ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրումը կբարձրացնի սոցիալական պաշտպանության համակարգի կառավարման արդյունավետությունը, ինչպես նաև սոցիալական ծառայությունների որակը: Նա հայտնել էր հիմնական փոփոխությունները երեքն են՝ ժամկետի երկարացում, լիազորւթյունների մեծացման հնարավորություն և ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու օրենքով հնարավորություն, որը երևի անկյունաքարային փոփոխությունն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում