ՍԴ նախագահի ընտրությունն այսօր չի կատարվել. նիստը կշարունակվի վաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՍԴ նախագահի ընտրությունն այսօր չի կատարվել. նիստը կշարունակվի վաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amՍԴ աշխատակարգային նիստն ընդմիջվեց` պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով: Այն կշարունակվի վաղը, ժամը՝ 11-ից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը:

«ՍԴ-ն անցում չի կատարել օրակարգի հարցերին, նախագահի և փոխնախագահի ընտրությանը, քննարկման առարկա են դարձել կազմակերպչական և տեխնիկական հարցեր, այդ թվում՝ մի քանի ԶԼՄ-ների դիմում-խնդրանքները, որոնք առնչվում էին նիստի լուսաբանմանը»,-ասաց նա:

Նրա տեղեկացմամբ՝ ՍԴ-ն, այդուհանդերձ, տևական քննարկումներից հետո նպատակահարմար չի համարվել դիմում-խնդրանքի բավարարումը, սակայն նիստը տեսաձայնագրվելու է:

Հարցին՝ ի վերջո, նախագահի թեկնածուներ առաջադրվե՞լ են, Շաթիրյանը պատասխանեց, թե բովանդակային քննարկում թե՛ նախագահի, թե՛ փոխնախագահի մասով չի ծավալվել:

Նա նշեց, որ բոլոր 9 դատավորները նիստին մասնակցել են:

Հարցին՝ ինչու կազմակերպչական հարցերի քննարկումն այդքան երկար տևեց, Շաթիրյանն արձագանքեց, թե ժամանակի մեծ մասը տրամադրվել է լրատվամիջոցների դիմում-խնդրանքների քննարկմանը:

Հիշեցնենք, որ իրականացված սահմանադրական փոփոխություններով Սահմանադրական դատարանի՝ պաշտոնավավորման 12 տարին լրացած երեք անդամների՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները դադարեցվել են, իսկ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դարձել է Սահմանադրական դատարանի դատավոր, ում պաշտոնավարման ժամկետը, ըստ գործող Սահմանադրության, լրանում է 10 տարի անց:

Այսպիսով՝ Սահմանադրական դատարանի անդամներն են Աշոտ Խաչատրյանը, Արևիկ Պետրոսյանը, Արայիկ Թունյանը, Հրայր Թովմասյանը, Արման Դիլանյանը, Վահե Գրիգորյանը:

Հիշեցնենք նաև, որ վերջերս Ազգային ժողովն ընտրեց ՍԴ երեք դատավորներին՝ Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին, Արթուր Վաղարշյանին։ Ներկայումս ՍԴ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարում է դատարանի ամենատարիքով դատավորը՝ Աշոտ Խաչատրյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում