Ֆրանսիական Բուրգ լե Վալանսի քաղաքապետը կոշտ պատասխան է տվել ադրբեջանցիներին

Ֆրանսիական Բուրգ լե Վալանսի քաղաքապետը կոշտ պատասխան է տվել ադրբեջանցիներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amՖրանսիայի Բուրգ լե Վալանս քաղաքի ղեկավար Մառլեն Մուղիեն ֆեյսբուքյան իր էջում վրդովված հրապարակում է արել՝ հայտնելով քաղաքում Արցախի դրոշը բարձրացնելու պատճառով ադրբեջանցիների կողմից իր հասցեին հնչեցված սպառնալիքների մասին:

Սկզբում Մուղիեն պատմական ակնարկ է կատարել՝ խոսելով 2014 թվականին Արցախի հետ բարիդրացիական կապեր ունենալու համար Ադրբեջանի «սև ցուցակում» ներառվելու, այնուհետև 2016 թվականին Շուշիի հետ բարեկամական հարաբերություններին վերջ տալու մասին կարգադրություն ստանալու, Շուշիի հետ 2014 թվականի հոկտեմբերի 5-ին կնքված Բարեկամության հռչակագրի պայմանավորվածությունները չեղարկելու համար 2018 թվականին վարչական դատարանի առջև կանգնելու մասին:

Մուղիեն մատնանշել է, որ այսօր էլ իր հասցեին սպառնալիքներ են հնչում ոչ միայն ադրբեջանցի բռնապետերի կողմից, այլ նաև նրանց բարեկամ Թուրքիայի:

«Սա ձեզ համար Ադրբեջանը չէ, և դուք չեք որոշելու, թե ինչ օրենքներ կամ կարգեր կլինեն այստեղ»,-նկատել է քաղաքապետը:

Քաղաքապետը պատմել է, որ օգոստոսի 25-ին երեք ադրբեջանցի ներխուժել են քաղաքապետարան և պահանջել քույր քաղաքների դրոշների շարքից հեռացնել Արցախի դրոշը: Գործը հասել է անգամ նրան, որ Փարիզում Ադրբեջանի դեսպանը զանգահարել է Մուղիենի տեղակալին և դրոշը հեռացնելու համար կրկին սպառնալիքներ հնչեցրել:

«Որևէ մեկը չի կարող մեր փոխարեն որոշել` ում հետ կարող ենք շփվել և ում հետ՝ ոչ։ Ադրբեջանը, Ալիևն ու նրա դաշնակիցները պետք է հասկանան, որ բարեկամությունը չի կարող զրոյացվել կամ չեղարկվել, մեր ժողովուրդը հարգում ու գնահատում է Շուշիի և ընդանուր Արցախի բնակչությանը»,– հրապարակման մեջ նշել է քաղաքապետը։

Մուղիեն նաև հավելել է, որ Բուրգ լե Վալանսում Արցախի դրոշը խորհրդանշում է բարեկամություն մի ժողովրդի հետ, որին Ադրբեջանն ամեն օր սպառնում է ոչնչացնել՝ ամբողջ աշխարհին ապացուցելով, որ իր միակ նպատակն է ավարտին հասցնել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, որի երեկվա կատարողներն այսօր իրենց դաշնակիցներն են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում