Սա խուժանապետություն է, Փաշինյանը բոլորին համոզել է, որ կա մի մեթոդ՝ աղմուկ ու փողոցային պայքար. Միհրան Հակոբյան (տեսանյութ)

Սա խուժանապետություն է, Փաշինյանը բոլորին համոզել է, որ կա մի մեթոդ՝ աղմուկ ու փողոցային պայքար. Միհրան Հակոբյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱկնհայտ է իշխանության հակազգային քաղաքականությունը կրթության ոլորտում, հանրությունն ահազանգ է հնչեցնում. սա կառավարության և անձամբ Նիկոլ Փաշինյանի պատասխանատվության հարցն է, իսկ ԿԳՄՍ նախարարը հեշտ թիրախ է, և նրա պաշտոնանկությունը պահանջող «Լուսավոր Հայաստանը» վախենում է վարչապետի հրաժարականի մասին խոսելուց: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը:

«Պետական համակարգ գոյություն չունի, վարչապետը բոլորին համոզել է, որ կա ընդամենը մի մեթոդ՝ աղմուկ և փողոցային պայքար: Կա խուժանապետություն, որում հաղթում են գոմի օրենքները՝ ով բարձր է բառաչում, նա էլ հաղթում է: Փաշինյանը կարծում է, որ ինչպես վարչապետ դարձավ՝ ստելով, գոռալով, շանտաժով, այդպես էլ պետք է վարվեն մարդիկ՝ իրենց խնդիրները լուծելու համար»,– ասել է քաղաքական գործիչը:

Ըստ Հակոբյանի՝ իշխանությունն սկզբնապես ծաղրում էր կորոնավիրուսը, մինչդեռ առայսօր դրա հետևանքով ավելի քան 1200 մարդ է մահացել, տնտեսությունն էլ կործանվում է. «Կարելի էր գնալ հարևան Վրաստանի ուղով:

Իշխանության ապաշնորհության հետևանքով տապալված են և՛ առողջապահական, և՛ տնտեսական համակարգերը: Կտրուկ ու նպատակային միջոցներ պետք է ձեռնարկվեին սկզբնական փուլում: Հիմա այլ տարբերակ չունեն և զբաղված են իմիտացիայով՝ դիմակ դնելու քարոզով, քանի որ այդ վարակի կառավարելիությունը վաղուց կորել է»:

Նախկին պատգամավորի կարծիքով՝ Փաշինյանի իշխանությունը երկիրը մտցրել է քաղաքական և ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ, մինչդեռ իր և շրջապատի կյանքը բարելավվել է. «Փաշինյանին միշտ է հաջողվել իր ընտանիքը լավ պահել: Կիսատ-պռատ կրթություն է ստացել, թերթ է բացել, շանտաժներով աշխատել է:

Հայաստանը նրա համար հրաշալի վայր է եղել, նա տուն ու սեփական գրասենյակ է գնել՝ թերթ վաճառելով: Հայաստանի ոչ մի ղեկավարի կնոջ ու երեխաների հետ այդ քանակի թիկնազոր ու ավտոշարասյուն չի շրջել, ինչպես հիմա»:

Միհրան Հակոբյանի պնդմամբ՝ այսօր Հայաստանում կա համակարգային կոռուպցիա, այն գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, իսկ նախկինների ունեցվածքի մասին իր պնդումները պարտավոր է ապացուցել. «Երբ Փաշինյանն ու իր հետ քայլածները խոսում էին, օրինակ, Քոչարյանի 4 միլիարդից, թող երկուսուկես տարում, երբ ամեն ինչն իրենցն է, դրա գոնե մեկ տոկոսը՝ 40 միլիոնը բացահայտեին ու վերականգնեին: Ասում էին՝ Սաշիկ Սարգսյանը բոլոր բիզնեսներում 50 տոկոս փայ ունի, գոնե մի բիզնես թող ցույց տան: Այսինքն՝ կա՛մ Փաշինյանը ստել է, կա՛մ ինքն է փայ մտնում»:

Քաղաքական գործչի պնդմամբ՝ Փաշինյանն իշխանության է եկել փողոցով, հեռանալու է նույն կերպ. «Այս իշխանությունը կնոջ շորերով է փախնելու երկրից: Նրանք կտրվել են իրականությունից և մեծ խաբկանքի մեջ են: Կան պատմական գործընթացներ, որոնք եթե սկսում ես, չես կարող խուսափել ավարտից: Դա Փաշինյանի ղեկավարությամբ այս ռեժիմի ճակատագիրն է: Խաղի կանոնները որոշել են այդպես՝ Հայաստանի ժողովուրդը դուրս է գալիս փողոց և անում է այն, ինչ ուզում է: Եթե դա կարելի է Փաշինյանին, ուրեմն կարելի է և մյուսներին»,- ամփոփել է ԱԺ նախկին պատգամավորը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում