Թույլ մի՛ տվեք, որ գաղթենք. պահանջում ենք աչալուրջ մոտեցում հայրենադարձության նոր ալիքի նկատմամբ. հայրենադարձ (տեսանյութ)

Թույլ մի՛ տվեք, որ գաղթենք. պահանջում ենք աչալուրջ մոտեցում հայրենադարձության նոր ալիքի նկատմամբ. հայրենադարձ (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amՄիասնական ուժով, խմբային աշխատանքով և ՀՀ աջակցությամբ միայն հայրենադարձը կկարողանա կերտել փայլուն ապագա բարգավաճ Հայաստանում: Այս մասին այսօր խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց հայրենադարձ, «Հայրենադարձների ձայնը» խմբի ներկայացուցիչ Ռազմիկ Մինասյանը:

«Թույլ մի՛ տվեք, որ գաղթենք, թույլ մի՛ տվեք, որ վերադառնանք օտար ափեր՝ մեր ապրուստն ապահովելու համար, ուր մեր ճակատագիրը, անկասկած, ձուլումն է: Մենք ձանձրացանք՝ լսելով՝ պետք է ծրագրենք, կամ այլ պատճառաբանություններ: Եթե ձեր ծրագրի մեջ այսօր չկա, ապա ե՞րբ»,– հարցադրում արեց նա:

Ռազմիկ Մինասյանը նախ շնորհակալություն հայտնեց՝ պահանջները ներկայացնելու հնարավորության համար, ապա հայտարարեց, թե հայրենադարձն ունի բազմաթիվ խնդիրներ:

«Հատկապես թավշյա հեղափոխությունից հետո սփյուռքահայը ևս իր քայլը կատարեց և ոգևորվելով նոր համակարգի ընծայած առիթներով՝ ցանկացավ իր նպաստը բերել և իր փորձը դնել ի նպաստ իր հարազատ հայրենիքի՝ լուսավոր Հայաստանի զարգացման: Մեծ եղեռնը վերապրած մեր ժողովուրդն օտար ափերում մեծ զոհողություններով պահպանեց իր ինքնությունն ու վառ պահեց իր հավիտենական երազը՝ վերադառնալ հայրենիք», -ասաց նա։

Ռազմիկ Մինասյանը նշեց, որ նույնիսկ խաղաղության պայմաններում սփյուռքահայն ունեցել է դեպի հայրենիք հարող հայացք, իսկ անապահով և պատերազմական իրավիճակում, որը վերջերս տիրել է հատկապես Սիրիայում և Լիբանանում, հային ջերմ ապաստան է եղել Հայաստանը:

«Բազմիցս տեղեկացրել եք, որ կդիմագրավենք մի շարք դժվարությունների, որոնք խոչընդոտ կհանդիսանան հայրենիքում արժանավայել ապրելու համար, սակայն մինչև օրս բացի համեստ քայլերից՝ ամրագրված ոչինչ չստացանք: Ուզում ենք հատկապես մատնանշել, որ մենք հապճեպ և ժամանակավոր լուծումների կողքին պահանջում ենք նաև արմատական, հետևողական և երկարատև լուծումներ՝ մեր դիմագրաված հարցերին»,– ասաց հայրենադարձը, ապա հիշեցրեց սիրիահայերի հայրենադարձության օրինակը.

«Դաս առնելով սիրիահայ գաղթականների նկատմամբ եղած թերացումներից, որոնց հետևանքով հայրենիքը զրկված է արժեքավոր կադրերից, պետական մարմիններից պահանջում ենք աչալուրջ մոտեցում հայրենադարձության նոր ալիքի նկատմամբ»,- նշեց նա:

Ռազմիկ Մինասյանի խոսքով՝ հայրենադարձներն ունեն մի շարք խնդիրներ ամենատարբեր ոլորտներում, օրինակ՝ վարկային պատմություն, առանց որի՝ հայրենադարձներին վարկեր չեն տրամադրվում: Ըստ Մինասյանի՝ հայրենադարձն ունի նաև մեծ դժվարություն՝ վարորդական իրավունք ձեռք բերելու առումով, հետևաբար իրենք առաջարկում են վարորդական իրավունքի ստացման տեսական քննությունը հանձնել արևմտահայերենով, անգլերենով, ֆրանսերենով:

«Հայրենադարձների ձայնը» խմբի ներկայացուցիչը նաև ներկայացրեց պահանջները, որոնցից առաջինը հայրենադարձության հատուկ օրինագծի մշակումն է, որում կճշտվեն պետական աջակցության նյութական ու բարոյական բնույթն ու կանոնները, ապա շարունակեց.

«Շտապ կարգով հանրակացարանային բնակարանների ապահովում հայրենադարձների համար, իսկ հեռակա կարգով՝ բազմաբնակարանային համալիրի կառուցում՝ երկարաժամկետ վարկային վճարումների հնարավորությամբ, արդար աշխատանքով ապրուստ ապահովելու հնարավորություն, նոր աշխատատեղերի ստեղծում, փոքր ու միջին բիզնեսների աջակցություն, տոկոսների մեղմացում կամ հարկերից ժամանակավոր ազատում»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում