ՀՔԾ-ն արձագանքել է Ղազինյանի բողոքի բավարարման մասին հրապարակմանը

ՀՔԾ-ն արձագանքել է Ղազինյանի բողոքի բավարարման մասին հրապարակմանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.amՀՔԾ-ն արձագանքել է «Փաստ» օրաթերթի` «Դատարանը բավարարեց Ղազինյանի բողոքը. Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կհարուցվի քրեական գործ` պաշտոնեական կեղծիքով» վերտառությամբ հրապարկմանը։

«Հարկ ենք համարում հայտնել, որ 2020 թվականի սեպտեմբերի 22-ին դատավոր Տաթևիկ Գրիգորյանի կողմից կայացված դատական ակտը որևէ առնչություն չունի ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով կայացված` քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ Արթուր Ղազինյանի կողմից ներկայացված բողոքի հետ: Նշված բողոքը քննվում է այլ դատավորի վարույթում: Տաթևիկ Գրիգորյանի վարույթում քննվել է Ա. Ղազինյանի բողոքը իր մեկ այլ հաղորդման հիման վրա նյութեր չնախապատրաստելու վերաբերյալ:

Դատարանի կողմից վարույթն իրականացնող մարմնին ընդամենը պարտավորեցվել է նախապատրաստել նյութեր` քրեական գործ հարուցելու հարցը քննարկելու համար: Այսինքն` դատարանի որոշումը վերաբերում է դիմումը քննարկելու ընթացակարգին, և նշված որոշումը Ա. Ղազինյանի հայտարարության կապակցությամբ քրեական գործ հարուցելու հիմք չէ»,- մասնավորապես նշված է ՀՔԾ պարզաբանման մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում