Այսօր մեկ անգամ ևս ազատման դիմում եմ գրել, որը վարչապետն ընդունել է. Սմբատ Գոգյան

Այսօր մեկ անգամ ևս ազատման դիմում եմ գրել, որը վարչապետն ընդունել է. Սմբատ Գոգյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Օգոտոստի 24-ին ծառայողական քննության ընթացքում ինձ հարցրեցին՝ արդյոք պատրա՞ստ եմ շարունակել աշխատել նախարարությունում, ասացի՝ ոչ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԲՈԿ արդեն նախկին նախագահ Սմբատ Գոգյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է իր հրաժարականի դիմումը և հարցին՝ ըստ նրա, հնարավո՞ր է արդյոք, որ սա պայմանավորված լինի նրանով, որ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը կհաստատվի պաշտոնում:

«Պարոն Թամրազյանի հրաժարականից հետո արդեն անելիք չունեի, այսօր մեկ անգամ էլ եմ ազատման դիմում գրել, որը վարչապետն ընդունել է»,- պարզաբանեց նա:

Ճշտող հարցին՝ նրա՝ երկրորդ անգամ դիմում գրելը պայմանավորված է իր և նախարարի միջև եղած տարաձայնություններով, Գոգյանն ասաց. «Չէ, ուղղակի այն փոփոխությունները, որ ես ուզում եմ անել, նախարարության կողմից ինձ թույլ չի տրվելու: Տարաձայնությունը մի քիչ կոպիտ է ասված, ուղղակի պատկերացումները չեն բռնում, իսկ տարաձայնությունն իր մեջ նեգատիվ կոնտեքստ ունի»:

Գոգյանը հավելեց. «Ամեն դեպքում, ինչպես ցույց տվեց փորձը, ես ճիշտ էի, Թամրազյանը հրաժարական տվեց, Գալոյանին չեն հաստատում»։ (խմբ․ Ըստ մամուլի հրապարակումների, փոխնախարարը մտերիմ հարաբերություններ ունի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ընտրված ռեկտոր Դիանա Գալոյանի հետ, և օժանդակել է նրան հուլիսին կայացած ռեկտորի ընտրություններում հաղթելու հարցում։

ԲՈԿ-ը ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանին գիտական աստիճանից զրկելու գործընթաց էր սկսել։ Կոմիտեի արդեն նախկին նախագահ Սմբատ Գոգյանը ս․թ․ հուլիսի 9-ին հրաման է ստորագրել՝ Գալոյանի գիտական աստիճանն անվավեր ճանաչելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ)։

Իսկ դիտարկմանը գուցե Դիանա Գալոյանին հաստատեն ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում, դեռ ժամանակ կա, Գոգյանն ասաց. «Սպասենք, տեսնենք»:

Հիշեցնենք, որ Սմբատ Գոգյանը դեռևս 2020 թվականի մայիսի 14-ին էր հրաժարականի դիմում ներկայացրել: Գոգյանը ֆեյսբուքյան գրառմամբ էր հանդես եկել և նշել, որ ԲՈԿ-ի նախագահի պաշտոնից ազատման որոշումն ունի երեք շերտ.

1․ Կրթության և գիտության բարեփոխման իմ պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Չնայած այդ տեսակետերի տարբերության, աշխատել եմ խղճի թելադրանքով։ Համակարգում բարեփոխում անելու համար անհրաժեշտ էին օրենքի կողմից լիազորող նորմեր, որոնք ստանալ այդպես էլ չկարողացա։ Իսկ նախարարի կողմից ԱԺ ամբիոնից նոր օրենքով ԲՈԿ-ը փակելու հայտարարությունից հետո աշխատելը դարձավ անիմաստ։ Իմ գաղափարներն այլևս կյանքի կոչել չեմ կարող։ Գրագողերը սպասում են կառույցի փակվելուն։

2. 2019 թվականի օգոստոսին հարցազրույցներից մեկում ասացի, որ եթե Ռ․ Հայրապետյանը հրաժարականի դիմում չգրեր, ապա ես կգնայի։ Իմ խոսքը կոնկրետ Ռուբենի մասին չէր, այլ երևույթի։ Նրանից հետո նշանակված ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, բայց համապատասխան կապերի և հովանավորչության միջոցով նա առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը։ Իր պաշտոնավարումն արժեքային ընտրություն է՝ իմ և իր միջև։

3. Նշանակումից երեք ամիս անց կնոջս հետ պայմանավորվեցինք, որ եթե նա ասի, որ մեծամտացել կամ հղփացել եմ, ապա նույն օրն աշխատանքից ազատման դիմում կգրեմ։ Նա այդպիսի բան դեռ չի ասել, բայց իր կարծիքով ես սկսել եմ ավելի քիչ ուրախանալ։ Իսկապես, այս աշխատանքն ինձ սկսել է հաճույք չպատճառել, քանի որ հստակ գիտակցում եմ, որ աշխատանքիս արդյունավետությունը կտրուկ ընկել է։

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Փաշինյանի որոշմամբ Սմբատ Գոգյանն ազատվել է ԲՈԿ նախագահի պաշտոնից, իսկ Գրիշա Թամրազյանը՝ ԿԳՄՍ փոխնախարարի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում