«Ժողովուրդ»․ Ի՞նչ փուլում է ՀՀ-ԵՄ համաձայնագիրի վավերացման գործընթացը

«Ժողովուրդ»․ Ի՞նչ փուլում է ՀՀ-ԵՄ համաձայնագիրի վավերացման գործընթացը

«Սեպտեմբերի 28-ին Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է անցկացնելու, որի ժամանակ քննարկելու է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է քննարկմանն ընդառաջ պարզել, թե ինչ իրավիճակում է այժմ գտնվում համաձայնագրի կիրառումը: Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին ավարտին է մոտենում համաձայնագրի վավերացման գործընթացը:

«Այս պահի դրությամբ մնացել է մեկ երկիր, որը դեռ չի վավերացրել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այդ երկիրը Պորտուգալիան է, սակայն համաձայնագիրն արդեն գտնվում է այդ երկրի խորհրդարանում, այն օրակարգում է, կարծում եմ՝ մինչև տարեվերջ վավերացումը տեղի կունենա»,-նշեց Եղոյանը:

Սակայն, դրան զուգահեռ, առկախված է մնում վիզաների ազատականացման հարցը, որի պատճառը նաև կորոնավիրուսային համավարակն է: «Անցյալ տարվա դրությամբ մենք ունեինք 1-2 գործընկեր երկրի կողմից անհամաձայնություն և այդ առումով աշխատում ենք՝ հաշվի առնելով ընդհանուր փոփոխությունը՝ համավարակի հետ կապված, որը, կարծում եմ, ընդհանուր ազդելու է միգրացիոն հոսքերի կառավարելիության վերաբերյալ քաղաքականության վրա: Բայց կարծում եմ՝ լավ նորություններ կունենանք համավարակն ավարտելուց հետո», – հավելեց պատգամավորը»»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում