Ես բոլոր դատավորների ներկայությամբ ասել եմ՝ երբ որոշեք, որ ես չեմ, կգաք ու կասեք. Հրայր Թովմասյան

Ես բոլոր դատավորների ներկայությամբ ասել եմ՝ երբ որոշեք, որ ես չեմ, կգաք ու կասեք. Հրայր Թովմասյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Analitik.amԵրբ խորհրդարանն ընտրում է ՍԴ դատավոր, դա այլ պրոցես է, իսկ երբ որոշումը կայացվում է ՍԴ-ում ու դրսից ուղղորդում է լինում, դա մեկ այլ պրոցես է: Միգուցե ինձ ընտրելը եղել է քաղաքական որոշում, ես չեմ կարող հաստատել կամ ժխտել: Բոլոր նրանք, ովքեր ընտրվել են, կայացվել է քաղաքական որոշում, դրա մասին որևէ մեկը չի թաքցրել: Այսօրվա քաղաքական մեծամասնությունն էլ է հայտարարել, որ քաղաքական որոշում է: Դա բնական է, նորմալ է: Բայց երբ հարցը փոխանցված է ՍԴ ու քաղաքական ուժերը փորձում են ազդել, որոշել ՍԴ-ի փոխարեն, արդեն խնդիր է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով դիտարկումներին, թե ժամանակին իր ընտրությունը, որպես ՍԴ դատավո,ր քաղաքական որոշում է եղել:

Թովմասյանի խոսքերով, ՍԴ նախագահի պաշտոնից իր չհրաժարվելը, պայքարը շարունակելը քաղաքական որոշման արդյունք չէ. «Որևէ մեկն իմ՝ ՍԴ նախագահ ընտրվելը չի վիճարկել, կասկածի տակ չի դրել, չկա այլ ակտ, և ես շարունակում եմ որպես ՍԴ նախագահ: Սահմանադրությունը, օրենքները չեն նախատեսում ՍԴ նախագահին պաշտոնանկ անելու, իմփիչմենթի որևէ ընթացակարգ: Բայց Սահմանադրական դատարանի նախագահը ՍԴ-ի դիրեկտորը չէ, մեկն է բոլորից, չի կարող որոշել, որ ինքն է ու վերջ: Նա պետք է մարդկային հարաբերություններ ունենա մյուսների հետ, ապահովի բնականոն գործունեությունը: Ինքը չի ղեկավարում, ապահովում է բնականոն գործունեությունը: Ունի ներկայացուցչական ազդեցություն»:

Թովմասյանը նշեց, որ ՍԴ նախագահն ամառանոցում մնալու իրավունք ունի, սակայն ինքը երբեք չի օգտվել դրանից, չի ունեցել թիկնազոր, ծառայողական մեքենայից օգտվել է 8 ամիս առաջ. «Այդ ամենն իմ դեպքում չի եղել, որ ասեմ դրանից եմ կառչած եղել: Ես բոլոր դատավորների ներկայությամբ ասել եմ՝ երբ որոշեք, որ ես չեմ, կգաք ու կասեք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում